Նյութը՝ «Երիտասարդ» առցանց պորտալի աշխատակազմի
Լուսանկարները՝ «Երիտասարդ» առցանց պորտալի աշխատակազմի
Տեղադրվել է 22-12-2017
Երիտասարդական ոլորտն առանց «Երիտասարդ»-ի անհնար է պատկերացնել արդեն 8 տարի
Ամփոփում ենք եւս մեկ ԵՐԻՏԱՍԱՐԴական տարեդարձ՝ ամբողջացնելով հայ երիտասարդության հաջողությունների ու խնդիրների մասին պատմող առցանց պարբերականի 8-ամյա շատ ակտիվ գործունեությունը։

2009 թվականի դեկտեմբերի 22-ին հայ երիտասարդության կյանքում հայտնվեց շատ յուրօրինակ ինֆորմացիոն հարթակ՝ «Երիտասարդ» առցանց պարբերականը, որը 2016 թ.-ին լիովին նոր տեսք ստացավ՝ դառնալով ավելի ընդգրկուն բովանդակությամբ առցանց պորտալ։ 

Այսօր այն ամենօրյա թարմացվող բազմոլորտ լրատվությամբ, հետաքրքիր տեղեկատվությամբ, ինքնատիպ ու բազում լրատվամիջոցներից տարբերվող լուսանկարներով ու նոր գործիքակազմով առցանց հարթակ է թե՛ երիտասարդների, թե՛ երիտասարդական ոլորտով հետաքրքրվող հայ ընթերցողների համար։ Այս տարիներին «Երիտասարդ»-ին հաջողվել է սիրվել նաեւ արտերկրի ընթերցողների կողմից, ինչի մասին փաստում են կանոնավոր հաճախումներն արտասահմանյան IP հասցեներից։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործունեության 8 տարին այնքան էլ երկար չէ, բայց այդ տարիների ընթացքում «Երիտասարդ» առցանց պորտալը փորձել է հավատարիմ մնալ երիտասարդներին աջակցելու իր տեսլականին՝ դառնալով հարթակ, որտեղ նրանք կարող են ազատորեն փնտրել ու գտնել իրենց հետաքրքրող գաղափարներ, պատմություններ, բազում ծրագրեր, հաջողակ ու երիտասարդ հերոսներ, ձեռք բերել համախոհներ եւ զարգացնել իրենց գիտելիքները երիտասարդական ոլորտի վերաբերյալ։ 

«Երիտասարդ»-ը մերօրյա ամենահաս լրատվական աղբյուրներից է, որի ապացույցն ամռանը Ռուսաստանում կայացած ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության լուսաբանումն էր միջոցառումների վայրից, չհաշված մի քանի տասնյակը գերազանցող իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաք Երեւանի սահմաններից դուրս։ Այս ամենին գումարելով նաեւ Հայաստանի սրտում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարելի է ուղղակի փաստել. «Երիտասարդ»-ի թղթակիցներն այնտեղ էին, որտեղ երիտասարդությունն էր, որտեղ եռում էր իրադարձության երիտասարդական կաթսան....

Գործունեության նախորդ 365 օրը «Երիտասարդ»-ի համար բավականին արդյունավետ ու նշանակալից տարի էր թե՛ կատարած արգասաբեր աշխատանքի կտրվածքով՝ տեղական եւ միջազգային լուրերի մատուցման առումով, թե՛ նոր նախաձեռնությունների եւ հայակենտրոն գաղափարների իրագործմանը նպաստելու տեսանկյունից: Շաբաթվա յուրաքանչյուր օր «Երիտասարդ»-ը ներկայացրել է անաչառ լրատվություն եւ վերլուծություն։ Ոչ պակաս ակտիվ են եղել նաեւ պորտալի լուսանկարիչները։ Այո՛, «Երիտասարդ» առցանց պորտալի «Պատկերասրահ» բաժինը գրեթե միշտ թարմ է, ինքնատիպ ու հետաքրքիր, քանի որ ֆոտոխցիկը մշտապես արձանագրել է այն, ինչը վրիպել է այլ լրատվամիջոցների տեսադաշտից։

Ինչպես գործունեության նախորդ տարիներին, այս անգամ եւս «Երիտասարդ»-ը մեծ թվով գործընկերներ ու աջակիցներ ձեռք բերեց. պորտալը դարձավ շատ նախաձեռնությունների, էքսկլյուզիվ նախագծերի ինֆորմացիոն աջակիցը, ամրապնդեց նախկինում ունեցած կապերը, նոր ու կայուն կապեր հաստատեց: Այդ ամենի արդյունքում բազում ինքնատիպ գաղափարներ ծնվեցին երիտասարդական առցանց հարթակում։

Պակաս կարեւոր չէ նշել, որ «Երիտասարդ»-ը խթան հանդիսացավ բազմաթիվ ծրագրերում հայ երիտասարդների ներգրավվածության համար։ Ակտիվ էր հատկապես պորտալի տարատեսակ հայտարարությունների համար նախատեսված բաժինը՝ երիտասարդներին ցանկալի տեղեկատվություն հաղորդելով տարբեր ծրագրերի մասին, ծանուցելով բաժանորդագիրներին...

Իհարկե, շատ տարբեր մարտահրավերների միջով անցավ երիտասարդական պորտալը. խմբագրությունը «կորցրեց» բազմամյա ու բեղուն աշխատանքով աչքի ընկնող երիտասարդ լուսանկարչի, սակայն համագործակցության նոր հարթակ դարձավ այլ երիտասարդ թղթակիցների ու լուսանկարչի համար։ Առանց այդ դժվարությունների այդ ամենին հասնելն անհնար կլիներ, բայց պորտալը կարողությունների զարգացման տեսանկյունից մեծ աճ ունեցավ տարվա ընթացքում՝ աշխատելով ավելի մեծ թվով երիտասարդների, երիտասարդական խմբերի, պետական ու ոչ պետական կառույցների հետ, տաղանդավոր անհատների հետ։

Այսօր 8-ամյա «Երիտասարդ»-ի գործունեության ոլորտն ավելի է ընդարձակվել։ Պորտալը շարունակում է մնալ երիտասարդական ոլորտի գլխավոր տեղեկատուն, մշտապես անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնց գլխավոր շահառուները երիտասարդներն են։ Դա ձեռքբերում է, որի մասին մշտապես արժե նշել ու հիշատակել։ 8 տարի շարունակ երիտասարդական պորտալին հաջողվել է լավագույնը մնալ յուրայինների մեջ՝ անընդհատ կատարելագործելով սեփական ունակությունները։

Միայն 2017 թ.-ի ընթացքում «Երիտասարդ»-ը ներկայացրել է 1200-ից ավելի նորություն, իսկ պորտալում տեղադրվել է 5 տասնյակից ավելի հարցազրույց, քիչ չեն եղել նաեւ վերլուծական բնույթի հրապարակումները: «Երիտասարդ»-ի «Պատկերասրահ» բաժինը միշտ է ակտիվ եղել. 2017 թ.-ը բացառություն չէր։ Բաժնում տեղադրվել է երկու հարյուրից ավելի լուսանկարչական պատմություն։

Այսօր արդեն հետաքրքիր ու բազմաժանր, բազմաձեւ դարձած «Երիտասարդ»-ը մշտական այցելու ունեցող պորտալ է, որն ունի հավատարիմ ընթերցողների մեծ բանակ։ Ամեն ամիս «Երիտասարդ»-ն ունենում է հարյուր հազարների հասնող հաճախումներ: 

Հարգելի՛ ընթերցողներ, երիտասարդներ, երիտասարդական պորտալը վստահաբար կշարունակի երիտասարդական ոգով գործել, քանի որ «Երիտասարդ»-ի աշխատակազմը շարունակաբար նոր ու թարմ շունչ է ստանում՝ համալրվելով նորանոր երիտասարդ կադրերով՝ լի ավյունով, աշխատանքի հանդեպ մեծ պատասխանատվությամբ, պահանջկոտ ընթերցողների նկատմամբ հարգանքով։ Մեր թիմը կանի ամեն ինչ, որպեսզի հետագա 365 օրերի ընթացքում մնաք քաջատեղյակ այն ամենից, ինչ կատարվում է Ձեր շուրջը եւ անգամ դրա սահմաններից դուրս:

«Երիտասարդ» առցանց պորտալի համար ծննդյան 8-րդ տարեդարձը տոն է, քանի որ եկել է պահը տարվա ընթացքում եւս մեկ անգամ հետ նայել, տարիների զարգացման երթուղում տեսնել հինը, գնահատել այն ու շարժվել դեպի նոր բարձունքներ: Հպարտանալ կարելի է, քանի որ ի սկզբանե նախասահմանված շատ նպատակներ 8-ամյա գործունեության արդյունքում իրականություն են դարձել՝ «Երիտասարդ»-ին նոր նպատակների սահմանման ուղի գծելու հնարավորություն տալով:

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ ԵՐԻՏԱՍԱՐԴ։