Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-12-2017
ԶԼՄ-ները եւ լրագրողները մրցանակների արժանացան «COAF»-ի կողմից
Դեկտեմբերի 22-ին Հայաստանի 17 լրագրող եւ լրատվամիջոց արժանացան «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ամենամյա մրցանակներին:
«Ներառականությունը Հայաստանում» խորագիրը կրող մրցույթի ընթացքում լրատվամիջոցների սահմանափակում չի եղել. դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլը եւ լրատվական գործակալությունները: 

 
Անկախ ժյուրիի անդամներն էին Դերենիկ Մալխասյանը (Հանրային լրագրության ակումբ), Հակոբ Բերբերյանը (ֆոտոլրագրող) եւ Սերոբ Խաչատրյանը (կրթության փորձագետ):
 
Ողջույնի խոսքով հանդես եկան «COAF»-ի մեդիահարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը, «COAF»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանը, «COAF»-ի ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը եւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: 

 
Ինեսսա Գրիգորյանի խոսքով՝ ներառականությունն արդիական եւ զգայուն թեմա է, որը կարիք ունի գրագետ եւ համակողմանի ներկայացման. ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը համագործակցում է թեմայով հետաքրքրված լրագրողների եւ լրատվամիջոցների հետ՝ համատեղ աշխատանքը դնելով մասնագիտական բարձր մակարդակի վրա»:

 
Անահիտ Էվոյանն էլ, ներկայացնելով մրցույթի կարգը, նշեց, որ ներառականության թեմայով հիմնադրամի կողմից 2017 թ. Հունիսին՝ ԶԼՄ-ների համար անցկացված սեմինարից հետո հայտարարված մրցույթում ուսումնասիրվել են 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը:


 
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիրներին:
 
Ներառականություն թեմայով ամենախորքային հրապարակումը.
Արմինե Օլեյան - «ԱՐ» հեռուստաընկերություն
Դիանա Ղազարյան - «Հետք» ինտերնետային թերթ
Հասմիկ Դիլանյան - Հայաստանի հանրային ռադիո
Մարիամ Խալաթյան - Շիրակի հանրային ՀԸ


 
Ներառականություն թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը.
«Ֆոտոլուր» լրատվական գործակալություն
 
«COAF»-ին 2017 թ. ընթացքում ամենահաճախ անդրադարձած լրատվամիջոցները.
«Panarmenian.net» լրատվական ծառայություն
«Արմենպրես» լրատվական գործակալություն
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Հայաստանի հանրային ռադիո


 
Ամենաբազմազան հրապարակումներով «COAF»-ին անդրադարձած լրագրողները.
Գայանե Մելիքյան - «Երիտասարդ» առցանց պարբերական
Մերի Կոլոլյան - «Անկյուն+3» ՀԸ
Սաթիկ Իսահակյան - «Ռադիոլուր»
Սիրարփի Աղաբաբյան - «168 ժամ» թերթ



«COAF»-ի հատուկ մրցանակին արժանացան.
«Ճամփորդ» թերթը
«ՌադիոՎանը»
Անահիտ Կարապետյանը - «Ֆորտունա» հեռուստաընկերություն
Արտակ Ալեքսանյանը - «Արմենիա» հեռուստաընկերություն



2018 թվականին «COAF»-ը խոստացավ համագործակցության նոր եւ հետաքրքիր շրջանակներ ու ծրագրեր: