Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-12-2017
Կայացավ «Fashion Aids Line» հագուստի մոդելավորողների մրցույթը
Հայաստանի նկարիչների միությունում «Երեւանյան նորաձեւության շաբաթ. Ոսկյա Ժանյակ» նորաձեւության ցուցադրման շրջանակում տեղի ունեցավ «Fashion Aids Line» հագուստի մոդելավորողների մրցույթը:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ կազմակերպված մրցույթի նպատակն էր բարձրաձայնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրների մասին, աջակցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի եւ խտրականության բոլոր ձեւերի վերացմանը, նորաձեւության միջոցով ուշադրություն դարձնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, բարձրացնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հանրային իրազեկությունը, անցնել ինքնաթեստավորում եւ իմանալ կարգավիճակը:
 
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ  միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդպիսով փորձ է արվում առողջապահությունը եւ նորաձեւությունը միավորել՝ հիմնական նպատակ դիտարկելով իրազեկումը եւ այն, որպեսզի յուրաքանչյուրն անցնի թեստավորում. «Սա նաեւ հանդուրժողականության դրսեւորման կոչ է, որպեսզի խտրականություն չդրվի, այլ հակառակը՝ պետք է աջակցել այդ մարդկանց: Դիզայներները նախընտրել են նաեւ խորհրդանշական կարմիր ժապավենն օգտագործել իրենց մոդելավորած հագուստների վրա: Ընդ որում՝ բոլոր դիզայներները հայ են, եւ նրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն ձեռագրով»:
 
«Երեւանյան նորաձեւության շաբաթ. Ոսկյա Ժանյակ» շոուի կազմակերպիչ Նաիրա Նիազյանն էլ փաստեց, որ նորաձեւությունը հետաքրքրում է ամբողջ աշխարհի երիտասարդությանը, ուստի առավել լավ միջոց, քան նման միջոցառումն էր, հնարավոր չէր մտածել. «Անխոս, առանց կարմիր ժապավենի չէր կարող որեւէ հագուստ լինել: Դիմակների միջոցով փորձել ենք ընդգծել խտրականության արտահայտված դրսեւորումները: Այսինքն՝ մարդիկ չպետք է կաշկանդվեն, այլ առանց թաքնվելու ապրեն, իսկ ամենակարեւորը՝ անհրաժեշտության դեպքում անպայման անցնեն հետազոտություն»:
 
Ցուցադրությունների ավարտից հետո դիզայներներն արժանացան պատվոգրերի: 

Պատկերասրահ՝ «Fashion Aids Line» հագուստի մոդելավորողների մրցույթ