Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-12-2017
Ռոնալդուն պատրաստ է «Էլ Կլասիկոյին»
Վերջերս կարիերայի ընթացքում 5-րդ «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճած պորտուգալացին լիովին պատրաստ է կատալոնական «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջին օրերին չէր մարզվում թիմի հետ, սակայն Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ կայանալիք առճակատումից առաջ խոսել է լրագրողների հետ եւ վստահեցրել, որ պորտուգալացու հետ ամեն ինչ կարգին է, եւ նա կարող է խաղաժամանակ ստանալ «Էլ Կլասիկոյի» ընթացքում: «Ռեալի» գլխավոր մարզիչը վստահ է, որ Ռոնալդուի խաղադաշտում հայտնվելը կօգնի թիմին հաղթանակի հասնելու սկզբունքային մրցակցի նկատմամբ, որից այս պահին Արքայական թիմը հետ է 11 միավորով, չնայած մեկ խաղ պակաս է անցկացրել:
 
«Խաղադաշտում կարող է հայտնվել հանդիպման հայտացուցակում առկա ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը: Գարեթ Բեյլը եւս ապաքինվել է, եւ կարող է նոր որակ հաղորդել մեր թիմին: Ես չեմ կարծում, թե «Բարսելոնայի» հետ խաղը կորոշի, թե որ ակումբն է չեմպիոն դառնալու, սակայն այս փուլում այն ամենասկզբունքային մրցավեճն է եւ պետք է հաղթել»,- «Լա լիգայի» տարեվերջյան տուրի ամենասկզբունքային մրցավեճի մասին այսպես է արտահայտվել «Ռեալի» գլխավոր մարզիչը:
 
Ի դեպ, Ռոնալդուն 2017 թ.-ի ընթացքում խփել է 53 գնդակ: Նույնքան արդյունք են ցույց տվել նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին, Էդինսոն Կավանին եւ Լիոնել Մեսսին: Եթե առաջին երկուսն այս տարի այլեւս պաշտոնական խաղերի չեն մասնակցի, ապա թե՛ Լեո Մեսսին, թե՛ ինքը՝ Ռոնալդուն, կարող են բարելավել ցուցանիշը: Հետեւաբար «Էլ Կլասիկոյի» ընթացքում երկու աստղային խաղացողների մոտ անհագ կլինի գոլ խփելու ցանկությունը: Հավելենք, որ ընթացիկ տարում 50 գոլ է խփել անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը, ով եւս կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ մինչեւ տարեվերջ դեռ երկու հանդիպման պետք է մասնակցի. անգլիական Պրեմիեր լիգայում սկսվում է ամենահեքիաթային շրջանը՝ «Boxing Days»-ը, երբ ֆուտբոլային թիմերը խաղեր են անցկացնում Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա տոների ժամանակահատվածում: