Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-12-2017
Համաշխարհային հիթեր ու կոմիտասյան մեղեդիներ՝ Սեպուհ Սիմոնյանի համերգին
Ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ եւ պրոդյուսեր Սեպուհը (Սեպուհ Սիմոնյանը) դեկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ նախատոնական համերգով:

Երեւանյան համերգի ընթացքում Սեպուհը ներկայացրեց «Capital Cities»-ի սիրված հիթերից, ինչպես նաեւ կոմիտասյան ստեղծագործություններ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի ելեւէջների ներքո: 

«Շատ ուրախ եմ Երեւանում գտնվելու համար: Ես ապրում եմ Լոս Անջելեսում, սակայն Հայաստանն իմ տունն է, ուրախ եմ իմ քույրերի ու եղբայրների հետ այստեղ լինելու համար: Բարեբախտաբար ծանոթ եմ Երեւանի երիտասարդ տաղանդների հետ, եւ նրանք այս երեկոյի ընթացքում շատ գեղեցիկ երգեր կկատարեն: Ուզում եմ, որ մտերմիկ համերգ լինի, ու հուսով եմ, որ լավ ժամանակ կանցկացնեք»,- համերգի մեկնարկին ասաց Սեբուն: 

Նշենք, որ երեկոյի մեկնարկին ելույթ ունեցան նաեւ երիտասարդ երաժիշտներ: Համերգի երգացանկն ընդգրկում էր նաեւ զուգերգեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ: Երիտասարդ երաժիշտների հետ հայտնի երգիչը վարպետաց դասընթացներ է անցկացրել՝ փոխանցելով նրանց իր հարուստ երաժշտական փորձն ու գիտելիքը: 

Սեպուհ Սիմոնյանն ամերիկահայ երգիչ է, երգերի հեղինակ, ստեղնաշարահար եւ պրոդյուսեր, Լոս Անջելեսում ձեւավորված «Capital Cities» խմբի անդամներից մեկը։ Ծնվել է 1978 թ. Հալեպում, մեծացել ԱՄՆ-ում: 

Սեպուհն իր առաջին երաժշտական խումբը հիմնել է ընդամենը 15 տարեկանում։ 2004 թ.-ին ձեւավորել է «Aviatic» ռոք խումբը, իսկ 2010 թ.-ին՝ ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտի հետ «Capital Cities»-ը, որը շուտով դառնում է ինդի փոփ ժանրում առաջատարներից մեկը: Աշխարհահռչակ «Safe and Sound» կատարումը YouTube-ում ավելի քան 344 մլն դիտում ունի: 

Նշենք, որ տոնական համերգը կազմակերպել էր «Deem Communications» ընկերությունը: 

Պատկերասրահ՝ Սեպուհ Սիմոնյանի համերգը