Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-12-2017
Կայացավ «Ձմեռ պապերի վազք-2017»-ը
Դեկտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ձմեռ պապերի վազք-2017»-ը:
Վազքն իրականացվեց Երեւանի քաղաքապետարանի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Երեւանի կիսամարաթոն»-ի եւ «Թրի Քլաբ»-ի հետ: 
 
Վազքուղին կազմում էր 5 կմ: Վազքուղու երկարության ընտրությունը պատահական չէր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ 5 կիլոմետրը համարժեք է 1000 քայլի, որը համարվում է օրվա ընթացքում անհրաժեշտ շարժողական ակտիվության նորմա:
 
Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Երեւանի կիսամարաթոն»-ի կազմակերպիչներից Էվելինա Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն անցյալ տարվա, երբ ձնառատ էր, այս տարի անձրեւ է. «Այս տարի նաեւ ներառել ենք քայլերթ, որը չկար անցյալ տարի: Տարիքային խմբերը տարբեր են: Այս վազքը տոնական վազք է եւ առավել շատ հաճույք ստանալու համար»:
 
Ձմեռ պապերի վազքի մեկնարկից անմիջապես հետո նույն ուղով իրականացվեց նաեւ քայլերթ, որին մասնակցեցին բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման եւ անկախ ֆիզիկական կարողություններից: 
Ձմեռ պապերի վազքի մարաթոնին աջակցող քայլերթի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով հանրության շրջանում խրախուսել առողջ, ակտիվ կենսակերպը եւ կանխարգելել հիպոդինամիայի` սակավաշարժության զարգացումը՝ կոչ անելով Նոր տարին սկսել առողջ ապրելակերպի գիտակցմամբ:
 
Ժամանակակից ապրելակերպի եւ գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում շարժողական ակտիվությունը կենսական կարեւոր խնդիր է բոլոր տարիքային խմբերի համար: Նստակյաց բնույթի երկար աշխատանքով եւ միաժամանակ աշխատանքից առաջ եւ հետո անբավարար  ֆիզիկական ակտիվությամբ պայմանավորված՝ հատկապես մեծահասակների շրջանում առաջանում է հիպոդինամիա՝ սակավաշարժունություն: Այն օրգանիզմի համար վտանգավոր ֆիզիկական վիճակ է, քանի որ մկանային ակտիվության ծավալների եւ մկանային գործունեության ինտենսիվության նվազումը հանգեցնում է օրգանների եւ օրգանիզմի համակարգերի պաթոլոգիական փոփոխությունների:

Հ.Գ.: Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիրներին:
 
Կանայք
1. Մարիա Կիվան
2. Լիդա Գեւորգյան
3. Օլգա Ստեփանեթս
 
Տղամարդիկ 
1. Գեւորգ Թորոսյան
2. Պյոտր Ուշակ
3. Արա Կեդիկյան

Պատկերասրահ՝ Ձմեռ պապերի վազք - 2017