Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-12-2017
Ձեւավորվեց 2017 թ․-ի լավագույն մարզիկների 10-յակը
Հանրության SMS-ների եւ լրագրողների թափանցիկ քվեարկությամբ ամփոփվեց Հայաստանի 2017 թ.-ի լավագույն 10 մարզիկների մրցույթը։



«Հայաստանի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի 25 թեկնածուների օգտին քվեարկության իրավունք ունեին 23 հավատարմագրված լրագրողներ։ Լրագրողների՝ ուղիղ եթերում կայացած քվեարկությունը տեւեց շուրջ երկու ժամ։ Այն սկսվեց 16:00-ից եւ շարունակվեց մինչեւ վերջին մասնակիցը, ում քվեարկությունն ավարտվեց 18։00-ին մոտ։ Մինչ այդ արդեն մի քանի օր շարունակ հանրությունն իր հերթին հնարավորություն ուներ SMS քվեարկության միջոցով ձեւավորելու Հայաստանի լավագույն մարզիկների իր տասնյակը։ Հատկանշական է, որ մեկ հեռախոսահամարից կարելի էր քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին։



«Փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի մրցույթն անցնի թափանցիկ պայմաններում։ Հանրությունն ու լրագրողները միասին կձեւավորեն Հայաստանի լավագույն մարզիկների 10-յակը, եւ մենք կունենանք ոչ թե լավագույն մարզիկ կամ լավագույն եռյակ, այլ 10-յակ, որտեղ որեւէ կերպ հերթականությունը կամ համարակալումը կարեւոր չէ»,- լրագրողների քվեարկության մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ լրատվության ներկայացուցիչների ամբողջ քվեարկության գործընթացն ուղիղ կհեռարձակվի՝ այդ կերպ խուսափելով ոչ թափանցիկ ու ասեկոսեների տեղիք տվող գործընթացներից։



Լրագրողների քվեարկության արդյունքում լավագույն տասնյակում հայտնվեցին ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Լեւան Բերիանիձեն, շախմատիստ Լեւոն Արոնյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ինչպես նաեւ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ի դեպ, չնայած մրցույթում ամենից կարեւորը տասնյակում հայտնվելն էր, սակայն լրագրողների՝ քվեաթերթիկում մարզիկների զբաղեցրած տեղը հավելյալ հաշվարկային միավորներ էր տալիս թեկնածուներին։ Այսպես՝ 1-ին համարի տակ քվեաթերթիկում գրված մարզիկը ստանում էր 10 ձայն, իսկ 10-րդ տեղում հայտնվածը՝ 1 ձայն։ Դա արված էր ոչ թե հերթականությունը որոշելու, այլ ուղղակի թվերի տեսքով պատկեր ստանալու համար։



Հատկանշական է, որ լրագրողների քվեարկությունից հետո 210 ձայն ուներ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 172 ձայն՝ շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը, 161-ական ձայն էին հավաքել ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը եւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ 100-ից ավելի ձայներ էին հավաքել նաեւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը /147 ձայն/ եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը /120 ձայն/։ Լրագրողների ձեւավորած լավագույն 10-յակում ամենից քիչ ձայն ստացել էր 2017 թ․-ի ընթացքում իսկապես բացառիկ արդյունք գրանցած հեծանվորդ Էդգար Ստեփանյանը /34 ձայն/։



Լրագրողների քվեարկությանը զուգահեռ՝ հանրությունը դեռ կարող էր քվեարկել իր ցանկալի մարզիկի օգտին․ SMS քվեարկությունն ավարտվեց 18։00-ին։ Պարզվեց, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկած հանրային քվեարկության արդյունքում ստացվել է 29092 SMS, որի զգալի մասը եղել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օգտին /6195 SMS/: Հանրային քվեարկության արդյունքում ձեւավորված լավագույնների 10-յակում, Հենրիխ Մխիթարյանից բացի, հայտնվեցին նաեւ սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը, Տիգրան Կիրակոսյանը եւ Վաչիկ Վարդանյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, շախմատիստ Լեւոն Արոնյանը, թեքվանդո մարզաձեւից Սերգեյ Վարդազարյանը եւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։ Ի դեպ, 2000-ից ավելի SMS իրենց օգտին ունեին Լեւոն Արոնյանը /2193 SMS/, Արթուր Ալեքսանյանը /2857 SMS/, Գրիգոր Մխիթարյանը /3902 SMS/:



Լրագրողների քվեարկության արդյունքները եւ SMS-ները գումարվեցին ամենապարզ՝ 50%-50% համադրությամբ։ Արդյունքում էլ ձեւավորվեց 2017 թ.-ի ՀՀ լավագույն մարզիկների տասնյակը, որում ընդգրկվեցին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, շախմատիստ Լեւոն Արոնյանը, սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը եւ Տիգրան Կիրակոսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը եւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։ Այս պարագայում եւս կարեւոր չէր հաջորդականությունը, չնայած եթե զուտ թվերի կամ հաշվարկային առումով դիտարկենք, ապա 5000 միավորի պայմանական շեմը հաղթահարեցին Հենրիխ Մխիթարյանը /9897․62 միավոր/, Արթուր Ալեքսանյանը /7686․50 միավոր/ եւ Լեւոն Արոնյանը /6148․59 միավոր/։



Երիտասարդական պորտալն արդեն ներկայացրել է, թե իր հավատարմագրված լրագրողն ինչպես է քվեարկել ՀՀ լավագույն 10 մարզիկների մրցույթի ժամանակ։ Խմբագրությունը հաջողություն է մաղթում բոլոր 25 թեկնածուներին, իսկ լավագույն 10-յակում հայտնվածներին շնորհավորում ենք։



Ի դեպ, տարվա լավագույն մարզիկներին այս տարի կպարգեւատրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մրցանակաբաշխությունը, որը նախատեսված է դեկտեմբերի 27-ին, տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



Հ․Գ․։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ անցկացրեց տարվա լավագույն մարզիկների 10-յակի ձեւավորման մրցույթը: Տարիներ շարունակ լավագույնների ընտրությունը կազմակերպել եւ այսօր էլ շարունակում է իր տարբերակը ներկայացնել ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան, որի վարկածով վերջին 3 տարիների լավագույն մարզիկը 2016 թ․-ի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: