Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-12-2017
«Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» ՝արդեն հայերեն տարբերակով
«Զանգակ» հրատարակչությունն Ամանորին ընդառաջ հայ երիտասարդ ընթերցողին Ք. Ռոուլինգի՝ երկար սպասված «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» գրքի հայերեն տարբերակը վայելելու հնարավորություն տվեց։
Այն «Հարրի Փոթեր» վիպաշարի երրորդ հատորն է: Փոթերյան վիպաշարի բազմաթիվ երկրպագուների սպասումներն արդարացան, եւ այս տոնական օրերին նրանք կարող են ծանոթանալ վեպին:

Ընդամենը մեկ տարի առաջ հրատարակչությունը լույս էր ընծայել «Հարրի Փոթերը եւ Գաղտնիքների սենյակը» հատորը։

«Իրականում մարդիկ, ովքեր չեն կարդացել կամ ծանոթ չեն գրքին, ապա դժվար է նրանց ներկայացնել, թե ինչ է մեզ համար այս գիրքը, եւ մեզ համար ովքեր են հերոսները»,- մեզ հետ զրույցում նշեց 15-ամյա Աննան, ով իսկական «փոթերասեր» է։

«Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը», ինչպես նաեւ նախորդ՝ «Հարրի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը եւ Գաղտնիքների սենյակը» վեպերն անգլերեն բնագրից թարգմանել է հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Փոթերյան վիպաշարի նոր հատորը շնորհանդեսին ներկայացրին Ալվարդ Ջիվանյանն ու գրականագետ Հայկ Համբարձումյանը: 

«Գրքի առանձնահատկությունը թերևս պայմանավորված է տեքստի բազմաշերտությամբ և տողամիջյան քողարկված ենթիմաստներով: Վիպաշարի այս հատորը թարգմանելիս մեծագույն հաճույք եմ ստացել ոչ միայն որպես թարգմանիչ, ,այլև որպես ընթերցող»,- ասաց Ալվարդ Ջիվանյանը։

Կարճ նկարագրություն գրքի մասին: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն է: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին եւ փախչել: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեեւ դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով եւ իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որեւէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:

Պատկերասրահ՝ «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» գրքի շնորհանդեսը