Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-02-2018
ՀԳՄ նախագահության մրցանակ է շնորհվել նաեւ ԵՊՀ հրատարակչության լույսընծայած գրքին
Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակի 2017 թ. մրցանակակիրները հայտնի են:


Այս տարի ՀԳՄ նախագահության մրցանակ է շնորհվել նաեւ Երեւանի պետական համալսարանի հրատարակչության լույս ընծայած գրքին: Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը Սամվել Մուրադյանին (գրականագիտություն) է հանձնվել «Հովհաննես Շիրազ, գիրք Բ» գրքի համար: 


«Հովհաննես Շիրազ» մենագրության 2-րդ գիրքը, որ լույս է տեսել մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի տարում, ընդգրկում է գրականագետի այն ուսումնասիրությունները, որ գրվել են վերջին տարիներին: 



Մենագրության էջերում գրական ազգակցության տեսանկյունից ներկայացվում է Հ. Շիրազի սիրերգությունը, քննվում են նախորդ շրջանների հայ բանաստեղծների եւ աշուղագուսանական ու ժողովրդական բանարվեստի հետ առնչությունները, քառյակների աշխարհը: Առաջին ամբողջական խոսքն է ասվում «Անի» եւ «Թոնդրակեցիները» պատմափիլիսոփայական, ազգային ու համամարդկային ծավալուն պոեմների գեղարվեստական յուրահատկությունների եւ արդիականության մասին:



«Ես հայ գրականության տարբեր շրջափուլերին ու տարբեր հեղինակներին նվիրված շատ աշխատություններ ունեմ: 2011-ից սկսած լուրջ զբաղվել եմ Հովհաննես Շիրազի երկերի ուսումնասիրության եւ հրատարակության հարցերով: 2011 թ. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ հնարավոր եղավ հրատարակել Շիրազի «Անի»-ն, որը բացառիկ է իր տեսակով: Ժամանակներ անց հրատարկվեցին նաեւ այլ գործեր: 2012 թ. հրատարակվել է մրցանակ ստացած գրքի առաջին հատորը, մրցանակը հանձնվել է գրքի երկրորդ հատորին: Ինձ համար շատ ուրախալի է ստանալ այն, որովհետեւ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ ստանալը պատիվ է ցանկացած գրականագետի համար»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մուրադյանը:



Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ մրցանակաբաշխության ընթացքում նշեց, որ միությունն ամեն տարի հանձնում է գրական մրցանակներ: Նրա հավաստմամբ՝ այս անգամ էլ ընտրվել են լավագույն գործերը:



Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի արժանացավ Նորայր Ադալյանը («Աշնանային շրջան»), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի արժանացավ (արձակ) Ռոլանդ Շառոյանը («Էրգրի աստվածները», «Բառերի խրխինջը»): Ավ. Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա) ստացավ Սամվել Կոսյանը («Բառը հենարան չէ այլեւս»):



Մ. Նալբանդյանի անվան մրցանակի (հրապարակախոսություն) արժանացան Տիգրան Նիկողոսյանը («Եվ գիրը մեր…») եւ Գրիգոր Ջանիկյանը («Գողգոթա»):


Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն) հանձնվեց Անահիտ Թարյանին («Գիտնական իշուկը») եւ Սամվել Բեգլարյանին («Ցուրտ երկիր, տաք կայարան»): Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ ստացավ Արամ Արսենյանը («Ստայնբեք, «Ցասման ողկույզները»): Հանձնվեցին նաեւ այլ մրցանակներ: