Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-02-2018
Գրքի նվիրելու օրվան ընդառաջ առաջարկում են գրախանութներն ու հրատարակչությունները
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, վաղուց արդեն սիրված տոն է դարձել, որի ժամանակ մարդիկ միմյանց գրքեր են նվիրում։
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ արդեն քանի տարի է, ինչ հայաստանյան հրատարակչությունները եւ գրախանութները հայտարարում են, որ ընթերցասերներին պատրաստ են նոր գրքեր նվիրել կամ էլ իրենց տեսականին վաճառում են հատուկ զեղչով։ Որքան ավելի է մոտենում գիրք նվիրելու օրը, այնքան ավելի ակտիվանում են հրատարակչությունների էջերը սոցիալական ցանցերում։ Կարծես ավանդույթ է դարձել Facebook-յան «Հավանում»-ների միջոցով գիրք նվեր ստանալը։

Ձեւավորված ավանդույթը տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների, այդուհանդերձ, մի փոքր ենթարկվեց. այսօր «Հավանում»-ների քանակը բարձրացել է, միաժամանակ ավելացել է նաեւ նորատիպ գրքերի տեսականին։ Օրինակ, «Բյուրակրատ» գրախանութը լիովին այլ դիրքորոշում է ընդունել գիրք նվիրելու օրվան ընդառաջ։ Գրախանութում եւս պատրաստ են ընթարցասերներին գրքեր նվիրել, սակայն գիրք-նվեր ստանալու համար աչքի ընկնել յուրօրինակությամբ. կարեւոր է ոչ թե ստացած «Հավանում»-ների քանակը, այլ այն, թե ինչու պետք է «Բյուրոկրատ»-ը հավանի ինչ-որ մեկի գրառումը։ Պայմանները պարզ են. պետք է գրախանութի Facebook-յան էջում տեղադրված համապատասխան գրառումից ընտրել կոնկրետ գիրքը եւ մեկնաբանել, թե ինչու եք ցանկանում ունենալ այդ գիրքը կամ այդ հեղինակի գործը։ Ի դեպ, անհրաժեշտ է նաեւ տարածել գրառումը սեփական էջի վրա։ Ամենեւին էլ այս պարագայում կարեւոր չէ, թե քանիսը կհավանեն այն։ Շատ ավելի կարեւոր է՝ արդյոք «Բյուրոկրատ»-ը կընտրի հենց Ձեր մեկնաբանությունը։ պատին: Այս պահին կարելի է ընտրություն կատարել 15 անուն գրքից։

Գիրք նվիրելու ակցիա է իրականացնում նաեւ «Բուկինիստ» գրախանութը։ «Նվիրում է հեղինակը» խորագրի ներքո գրախանութը եւս պատրաստակամ է գրքասերներին նվերներ տալ։ Պայմանները պարզ են. ներկայացված հեղինակների ցանկից կարելի է ընտրել ամենից ցանկալին եւ բացատրել, թե ինչու հեղինակը պետք է գիրքը նվիրի հենց Ձեզ։ Հաղթողին ընտրելու է գրախանութը, իսկ ահա գիրքը նվիրելու է անձամբ հեղինակը։

Գրախանութներից քիչ պակաս ակցիաներ չեն իրականացնում նաեւ հրատարակչությունները։ Օրինակ, «Զանգակ» հրատարակչությունը քաջալերում է գրքասերներին իրենց հավանած կամ ցանկալի գրքերը որպես նվիրատվություն ձեւակերպել գրադարաններին։ Ահրաժեշտ է միայն ցանկից ընտրել գիրքը եւ այն ընծայագրել սիրելի գրադարանին։ «Զանգակ» հրատարակչությունը խոստանում է՝ լավագույն ընծայագրերի հեղինակները շատ շուտով ընծայագրված գրքերը կգտնեն իրենց սիրելի գրադարաններում։

Ընթերցասերներին անակնկալներ է պատրաստել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Վերջին տարիներին հրատարակչության տպագրած գրքերը նվիրվում են ընթերցասերներին, սակայն այդ դեպքում եւս կան պայմաններ։ Առաջարկած գրքերից ընտրելով մեկը եւ մեկնաբանությամբ հիմնավորելով, թե ինչու եք ցանկանում հենց այդ գիրքը նվեր ստանալ, կարող եք Գիրք նվիրելու օրվան ընդառաջ ստանալ Ձեր նախընտրած գիրքը։ Հրատարակչությունը գիրք կնվիրի միայն 3 լավագույն մեկնաբանությունների հեղինակներին։ Ի դեպ, լավագույն մեկնաբանությունների հեղինակներին կընտրի հրատարակչության աշխատակազմը:

Ամենամեծ ակցիան կազմակերպել է «Անտարես» հրատարակչությունը։ Գրքասերներին տրված է ընտրելու լայն հնարավորություն. ներառված են վերջին տարիներին թարգմանված նոր գործեր, տասնյակ վերահրատարակություններ եւ նորատիպ գրքեր։ Ի տարբերություն գործընկերների՝ «Անտարես» հրատարակչությունը գրքերը նվիրելու է հաշվի առնելով «Հավանում»-ների քանակը։ Ավելին՝ կա հստակ քանակ, որը պետք է ապահովի գրքասերը, եթե ցանկանում է իր նախընտրած գիրքը նվեր ստանալ։

Ի դեպ, գրքասերներին հրատարակչությունը առաջարկում է ոչ միայն արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները։ «Նվիրի՛ր հայ հեղինակների գրքեր» խորագրի ներքո կարել է ընտրություն կատարել ավելի քան 90 անուն գրքերի մեջ։ Արտասահմանյան գրականության սիրահարներն էլ իրենց ընտրությունը կարող են կատարել ավելի քան 130 անուն գրքերի մեջ։

Հ.Գ.։ Բոլոր մրցույթների համար հստակ ժամկետներ են սահմանված, այնպես որ ուշադի՛ր եղեք։ Եթե ցանկանում եք գիրք նվեր ստանալ, ապա գիտեք՝ որտեղ փնտրել։ Թե «Հավանում»-ներ են պետք, կարող եք դիմել։ Սիրով կօգնեմ։