Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Ալինա Կոլբինայի անձնական արխիվից
Տեղադրվել է 19-02-2018
Ալինա Կոլբինա. «Հայաստանում զգացի, ինչպես տանը»
Ռուսաստանցի Ալինա Կոլբինան մի քանի ամիս առաջ «բացահայտեց» Հայաստանը: Մաթեմատիկոս, արյան դոնոր Ալինային մեր երկիր բերեց բարեգործական կիսամարաթոնը:

Նա այնքան հավանեց Հայաստանը, որ որոշեց էլի այցելել, ավելին՝ սկսեց հայերեն սովորել եւ անգամ քայլեր ձեռնարկել հայոց լեզվի պահպանության ուղղությամբ: Ալինայի հետ նրա գործունեության, նոր լեզվի ուսումնասիրության եւ հետագա անելիքների մասին զրուցել է Eritasard.am-ի թղթակից Թամարա Գասպարյանը: 

Ե՞րբ եք առաջին անգամ այցելել Հայաստան:

Առաջին անգամ Հայաստան եկա հոկտեմբերի կեսին: Ես եկա կիսամարաթոնի, որպեսզի վազեմ 21 կմ: 

Ի՞նչը ամենաշատը հավանեցիք Հայաստանում:

Ամենաշատը հավանեցի մարդկանց: Այստեղ հիանալի է, գեղեցիկ, ջերմ ու լավ, բայց առաջին հերթին մարդիկ դուր եկան: Նրանք շատ բաց են, շատ դրական ու անկեղծ: Ես Մոսկվայում եմ ապրում, գուցե այնտեղ ինձ դա է պակասում: Հայաստանում զգացի, ինչպես տանը:  

Ինչո՞ւ որոշեցիք սովորել հայերեն:

Ես մտածեցի, որ եթե գալիս եմ այստեղ երկար ժամանակով, ապա դա անհրաժեշտություն է, քաղաքավարություն է մարդկանց, երկրի նկատմամբ: Բացի դրանից՝ դա նաեւ ժամանակ անցկացնելու միջոց է: Ես հիմա քայլում եմ եւ կարդում ցուցանակները, շփվում եմ մարդկանց հետ: Հետաքրքիր է: Ցանկանում էի նաեւ հպվել այդպիսի հին ու գեղեցիկ լեզվի: Հուսով եմ՝ կստացվի: Ես, իհարկե, ամենալավ աշակերտը չեմ, բայց կարողանում եմ կարդալ, գրել (երեւի անգրագետ, բայց թելադրելով կարողանում եմ), ասել որոշ ստադարտ արտահայտություններ:



Ի՞նչ դժվարությունների եք բախվել հայերեն սովորելիս:

Ինձ թվում է՝ եթե սովորում ես, օրինակ, անգլերեն կամ որեւէ եվրոպական լեզու, որտեղ տառերը ծանոթ են, ամեն բառ սովորելիս գլխում ծնվում է այդ բառի պատկերը: Իսկ հայերեն բառը կարող եմ հասկանալ միայն կարդալուց հետո: 

Ինչո՞ւ որոշեցիք «Тотальный диктант»-ին նման միջոցառում անցկացնել Հայաստանում:

Հայոց լեզվի առաջին դասին անցնում էինք «լ» տառը, եւ իմ ուսուցչուհին ասաց, որ կա մի գեղեցիկ բառ՝ «լոլիկ»-ը, բայց ոչ ոք այն չի օգտագործում. Բոլորն ասում են «помидор»: Ես մտածեցի, որ իսկապես գեղեցիկ բառ է, ինչո՞ւ չեն կիրառում այն: Բայց այն ժամանակ հատուկ նշանակություն չտվեցի դրան: Հիմա ինձ հաճախ են ասում, որ այսպես ճիշտ է, բայց բոլորն այսպես են ասում, ճիշտ է գրել այսպես, բայց բոլորը գրում են այսպես: Կա շատ մեծ տարբերություն ճիշտ եւ գործնական կիրառությունների միջեւ: 

Երբ սկսեցի սովորել հայոց լեզու, հեռախոսումս միանգամից ավելացրի հայատառ ստեղնաշար եւ հիմա պարբերաբար որոշ բառեր գրում եմ ընկերներիս, իսկ ոմանք ինձ պատասխանում են, որ չունեն հայատառ ստեղնաշար: Ինձ համար դա անհասկանալի է: Չէ՞ որ դու Հայաստանում ես, դու օգտագործում ես հայոց լեզուն եւ նույնիսկ չես կարողանում դրանք գրել հայերեն: Շատ տարօրինակ է: Ինձ թվում է, որ դա ճիշտ չէ:  

Հետո ուսուցչուհուս պատմեցի ռուսական «Тотальный диктант»-ի մասին: Հասկացա նախաձեռնության կարեւորությունը, իսկ շուրջս հայտնվեցին մարդիկ՝ պատրաստ դրանում օգնելու ինձ: 

Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդիական այն Հայաստանում:

Ինձ դժվար է ասել, որովհետեւ սխալները, բնականաբար, ես չեմ տեսնում, չեմ զգում, չեմ լսում: Մարդկանց արձագանքներից, բանասերներից հետ զրույցներից, համացանցում հոդվածներից դատելով՝ ես գիտեմ, որ դա անհրաժեշտ է: Միեւնույն ժամանակ, պետք չէ դրան չափազանց լուրջ վերաբերվել.  այն, առաջին հերթին, ինչ-որ զվարճանք է, որն անխուսափելիորեն պետք է փոփոխություններ բերի: Դրա միջոցով հնարավոր է ուշադրություն գրավել հարցի վրա, այսինքն՝ այն որեւէ բարդ բան չի պահանջում մարդկանցից, բայց, միեւնույն ժամանակ, կարող է ինչ-որ կերպ օգնել լեզվի կիրառման ու տարածման գործում:



Իսկ Ռուսաստանում մասնակցե՞լ եք համընդհանուր թելադրությանը: 

Ռուսաստանում մասնակցել եմ, բայց, ցավոք, ընդամենը 2 անգամ: Ես սովորել եմ Նովոսիբիրսկի պետական համալսարանում, որտեղ էլ ծնվել է «Тотальный диктант»-ը: Բայց այդ ժամանակ միջոցառումն ավելի շատ հումանիտար մասնագիտությունների տեր մարդկանց համար էր: Ես դրա մասին չգիտեի: Ավելի ուշ «Тотальный диктант»-ը մեծ տարածում գտավ. հիմա այն գրում են հազարավոր մարդիկ 70 երկրներում (արդեն 3 տարի անցկացվում է նաեւ Երեւանում): Անկեղծ կլինեմ, երկու անգամ էլ ես «2» եմ ստացել. տեքստերում կան բարդ քերականական կառույցներ, որոնք ներկայացնում են լեզվի ողջ հարստությունը: Գործնականում մենք դրանք չենք կիրառում: Այստեղ կարեւոր չէ գրել «5»-ի, այլ հասկանալ, թե ինչին ուշադրություն դարձնել եւ լրացնել բացթողումները:

Դուք արյան դոնոր եք: Քչերն են կամովին կատարում այդ քայլը: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը:

Դոնորության հետ ինձ շատ բան է կապում: Ես արդեն 9 տարի արյուն եմ հանձնում: Նախաձեռնությունը ներսումս վաղուց է եղել: Մեզ մոտ կա նաեւ հրաշալի նախագիծ, որի կողքին եմ հիմնադրման օրվանից: Այն արյան դոնորներ փնտրելու նախագիծ է, այսինքն՝ եթե մարդկանց կամ նրանց հարազատներին արյուն է անհրաժեշտ, նրանք դիմում են նախագծին, եւ դոնորների բազայի միջոցով օգնում ենք գտնել դոնորի: Ես տեսնում էի այդ դիմումները եւ ուղղակի չէի կարող հրաժարվել: Ես գալիս եւ արյուն էի հանձնում կոնկրետ մարդկանց: Ես հիմա հանձնում եմ հաճախ, պարբերաբար: Դրանից հետո ես հասցրել եմ աշխատել հիվանդանոցում՝ որպես դոնորների ներգրավման մասնագետ, եւ տարբեր նախաձեռնություններում: Արդեն 50 անգամ արյուն եմ հանձնել: Իրականում, շատ եմ ուզում հանձնել նաեւ Երեւանում: Ես եղել եմ արյան փոխներարկման կենտրոնում, բայց, ցավոք, չունեմ գրանցում: Հուսով եմ՝ երբ փետրվարին վերադառնամ, կկարողանամ փաստաթուղթ ձեռք բերել եւ հանձնել արյուն: 

Ե՞րբ սկսեցիք մասնակցել բարեգործական մարաթոնների:

Երեւանյան կիսամարաթոնին (ժպտում է): Ես վազել չէի սիրում, սկսել եմ մեկ տարի առաջ՝ գարնանը, 2 կիլոմետրից, որի կեսը վազել եմ, կեսը՝ քայլել: Ես շատ էի զբաղվում սպորտով, բայց 21 կմ վազելը, ինձ թվում էր, ինձ համար չէ: Բայց հետո «Charity Runners Team»-ից առաջարկեցին միանալ: Միեւնույն ժամանակ, այն, որ դա ինչ-որ մեկին կօգնի, ինձ շատ ոգեւորեց, եւ առաջին օրվանից ես վստահ էի, որ կվազեմ: Հիմա պլաններումս է երեւանյան մարաթոնը: 



Դուք մաթեմատիկոս եք: Աշխատո՞ւմ եք մասնագիտությամբ:

Ես 2 մասնագիտություն ունեմ. ես մաթեմատիկայի բակալավր եմ եւ տնտեսագիտության մագիստրոս: Որպես վերլուծաբան աշխատել եմ «PricewaterhouseCoopers»-ում, հետո «ВТБ» բանկում: Բայց սովորելուս ամբողջ ընթացքում ես դասավանդում էի երեխաներին: Այժմ ես  ամբողջությամբ անցել եմ մաթեմատիկայի դասավանդմանը Skype-ով: Դա ինձ թույլ է տալիս ճանապարհորդել եւ ապրել այնտեղ, որտեղ ուզում եմ, միեւնույն ժամանակ վաստակել գումար եւ կայանալ: Մաթեմատիկան ինձ ուղեկցում է ամբողջ կյանքիս ընթացքում:

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

Իսկ ազատ ժամանակ ունենո՞ւմ եմ (ժպտում է): Ես ընդհանրապես շատ բաներով եմ զբաղվում, ընդ որում, մշտական զբաղմունք չունեմ: Զբաղվում եմ սպորտով՝ յոգայով, վազքով, լողով, հեծանիվ եմ քշում (ես նույնիսկ հետս հեծանիվ եմ բերել Երեւան), սահում եմ դահուկներով, շատ եմ ճամփորդում, կարդում եմ:

Ո՞ր գրքերն են Ձեզ դուր գալիս: 

Վերջին շրջանում ավելի շատ կենտրոնացած եմ դասական գրականության վրա: Շատ են դուր գալիս մոտիվացնող պատմություններն ու գրքերը:

Նպատակ ունե՞ք Հայաստան տեղափոխվելու:

Դժվար հարց է մշտական բնակության առումով: Ես, երեւի, դեռ պատրաստ չեմ եւ չգիտեմ էլ՝ պատրաստ կլինե՞մ ինչ-որ տեղ մշտական ապրել, բայց կարծում եմ, որ մինչեւ ամառ կլինեմ այստեղ, հետո կտեսնենք՝ կյանքն ինչպես կդասավորվի:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում:

Արա՛ այն, ինչ սիրում ես: