Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-02-2018
«Երիտասարդ-2017». մրցանակակիրների անուններն արդեն հայտնի են
Փետրվարի 21-ին «Յանս» ակումբում կայացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը եւ մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

«Երիտասարդ 2017» մրցանակաբաշխության  նպատակն է խրախուսել 2017 թ.-ի ընթացքում նշանակալի եւ խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, ինչպես նաեւ արժեւորել նրանց ձեռքբերումները եւ գործունեությունը: 

Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության հաղթողներին՝ ըստ անվանակարգերի.

«Երիտասարդ բնապահպան» - Օվսաննա Հովսեփյան
«Երիտասարդ գյուղատնտես»  - Արամ Վերդյան
«Երիտասարդ գիտնական» - Կարինա Մովսեսյան
«Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ» - «Երեւանյան թմբուկներ» (Պավել Սարգսյան)
«Երիտասարդական աշխատող» - Կարեն Այվազյան
«Երիտասարդ մարզիկ» - Աշոտ Սաքանյան
«Երիտասարդ հայրենադարձ» - Լարիսա Հովհաննիսյան
«Երիտասարդ գործարար» - Գագիկ Թամազյան
«Երիտասարդ հայրենիքի պաշտպան» անվանակարգը դարձավ միակ անվանակարգը, որը չունեցավ քվեարկություն: Վահե Մարտիրոսյանը, Արմեն Գրիգորյանը եւ Դմիտրի Մադյանը դարձան անվանակարգի հաղթողներ: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն իր խոսքում նշեց. «Երիտասարդությունն առանձնանում է նրանով, որ չի դժգոհում, այլ աշխատում է մի բան փոխել: Մենք ունենք գիտակ, նախաձեռնող, շրջապատը փոխող երիտասարդություն: Առաջիկայում, կարծում եմ, երիտասարդությունն առավել ոգեւորությամբ աշխատանքներ կտանի երկրի զարգացմանը նպաստելու համար: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պատրաստ է սատարել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են փոփոխություններին»:

«Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող ճանաչված Արամ Վերդյանը, ով նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից է, մեծ հպարտությամբ նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ անվանակարգում հաղթանակ տանելը. «Չնայած այն հանգամանքին, որ չեմ ցանկանում խոսել պատերազմի մասին, սակայն չեմ կարող չասել, որ պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում՝ դառնալով բաժանարար գիծ. այն է՝ կյանքս պատերազմից առաջ եւ հետո: Շատ ուրախ եմ, որ արժանացա այս մրցանակին, որը նոր սկիզբ ու խթան է՝ առավել լայնածավալ գործունեություն ծավալելու համար»:

«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում մրցանակի արժանացած Օվսաննա Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ նշեց, որ չպետք է մոռանալ, որ մարդիկ, կենդանիներն ու բնությունը փոխկապակցված են: Նրա խոսքով՝ մարդը չպետք է վատ վերաբերի բնությանն ու կենդանիներին. «Ես շատ ուրախ եմ, որ մեր թիմում կան կամավորներ, ովքեր իրենց գործողություններով մեր հասարակությանը դարձնում են ավելի լավը»։

«Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում մրցանակի արժանացած Լարիսա Հովհաննիսյանի համար այդ մրցանակը ոչ միայն ոգեշնչող, է, այլեւ պարտավորեցնող: Լարիսան անկեղծանալով նշեց. «5 տարի առաջ տեղափոխվելով Հայաստան՝ ես չէի էլ կարող պատկերացնել, որ իմ գաղափարը կիրականացնեմ: Այսօրվա մասին ես կարող էի միայն երազել: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եւ Արցախում կարողանում եմ փոփոխել եւ բարելավել երեխաների վիճակը»:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ, այս տարի եւս հաղթողների ընտրությունն իրականացվել է երեք փուլով.

1-ին փուլ: Համաժողովրդական առաջադրում եւ քվեարկություն: Համապատասխան կայքում բոլոր ցանկացողները նշված անվանակարգերում առաջադրել են իրենց թեկնածուներին: Նախարարությունն ամփոփել եւ առավել շատ ձայներ հավաքած 5 թեկնածուի  ներկայացրել է համապատասխան նախարարություններ:

2-րդ փուլ: Համապատասխան նախարարություններն ըստ անվանակարգերի թեկնածուներից ընտրել են երեք հավակնորդի, ովքեր ներկայացվել են մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում:

3-րդ փուլ: Երեկոյի ընթացքում երեք թեկնածուի անունները եւ լուսանկարները հայտնվել են մեծ էկրանին, եւ հանդիսատեսը (ոլորտի հայտնի մասնագետներ, պետական պաշտոնյաներ, հյուրեր, նոմինանտներ) ուղիղ քվեարկությամբ տեղում ընտրել են հաղթողին:

Պատկերասրահ՝ «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխություն