Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-02-2018
Գերմանիայի պատվիրակությունը հյուրընկալվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում
Փետրվարի 23-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հյուրընկալել էր Գերմանիայից ժամանած լրագրողներին, հասարակական եւ կառավարական մարմինների կապերի ղեկավարներին:

Պատվիրակության հայաստանյան այցն իրականացվել է Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության կողմից: Գերմանիայի պատվիրակության  այցի նպատակն է ծանոթանալ երկրի մշակութային, սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական իրադարձություններին:

Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Երիտասարդական քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը, Երիտասարդական քաղաքականության վարչության համագործակցության վերլուծությունների բաժնի պետ Մարինե Սարգսյանը եւ 

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը: 

Հանդիպման ընթացքում գերմանական կողմին ներկայացվեցին նախարարության առաջնային ոլորտները, գործելակերպը, երիտասարդական աշխատանքի առաջնահերթությունները եւ այլն:  

Գերմանական կողմը մասնավորապես մի շարք հարցեր հղեց հայ երիտասարդների՝ արտերկրում գործունեություն ծավալելու, ուղեղների արտահոսքի,  հայրենիքի հետ կապը պահպանելու, եվրոպական ծրագրերին մասնակցելու վերաբերյալ:

Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը փաստեց, որ ուղեղների արտահոսքը միայն Հայաստանում չէ, որ այն առկա է բոլոր երկրներում, ինչն առավել շատ պետք է դիտարկել ոչ թե արտագաղթի, այլ ավելիին ձգտելու եւ հասնելու տեսանկյունից: 

«Հատկանշական եմ համարում փաստել, որ այդ երիտասարդները ձգտում են ապահովել հետադարձ կապ՝ իրենց գործողություններով եւ քայլերով նպաստելով հայրենիքի զարգացմանը: ՀՀ-ում գործում է Սփյուռքի նախարարություն, որը եւս նպաստում է հետադարձ կապի ապահովմանը՝ դրսում գործող հայկական համայնքների միջոցով: Հաճախ կազմակերպվող համաժողովները դրանց վառ ապացույցն են, քանի որ դրանք լայն հարթակ են դառնում, որպեսզի երիտասարդները կարողանան կիսվել իրենց ձեռքբերումներով եւ փորձով»,- նշեց Թամարա Թորոսյանը:

Նա փաստեց նաեւ, որ արտերկրում գործող երիտասարդները հայրենիքի հետ մշտապես կապ են պահում, իսկ հայրենիք վերադառնալուց հետո ներգրավվում են բազմաթիվ ծրագրերում. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս տարբեր ծրագրերում երիտասարդության մասնակցությանը: Հայ երիտասարդները մասնակցում նաեւ միջազգային ծրագրերի, հատկապես՝ եվրոպական երկրների հետ: Մեր նախարարությունը դրամաշնորհներ է տրամադրում երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել այդ ծրագրերին: Յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք դրամաշնորհային համակարգ երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար: Վերջիններս ծրագրեր են ներկայացնում նախարարություն, որոնք գնահատվում են նախարարության անկախ փորձագետների կողմից, իսկ հավանություն ստանալուց հետո՝ գործարկվում: Անխոս, այստեղ կարեւորում ենք նաեւ ծրագրերի՝ մարզային մակարդակով իրականացումը, որպեսզի այդպիսով մարզերի երիտասարդները եւս ներգրավվեն այդ ծրագրերի գործընթացներում: Ունենք օնլայն պարբերական (Eritasard.am), որն ակտիվ լուսաբանում է տարվող աշխատանքները եւ իրազեկում իրականացվելիք ծրագրերի մասին»:

Գերմանիայի պատվիրակության անդամները հետաքրքրվեցին նաեւ Հայաստանում երիտասարդության քանակով եւ տարիքային սանդղակով:

Ի պատասխան՝ Թամարա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդների (16-30 տարեկան) թիվը կազմում է մոտ 704 հազար  (26-27%):

«Մերօրյա երիտասարդները բավականին մեծ ներուժ ունեն, որը փորձում են ներդնել տարբեր ոլորտներում: Դա իհարկե խրախուսվում է թե՛ մեր, թե՛ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից: Մեր նախարարությունն իր հերթին փորձում է անել հնարավորը, որպեսզի հայ երիտասարդները կարողանան ներգրավված լինել տարբեր գործընթացներում՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով»,- փաստեց Թամարա Թորոսյանը: 

Գերմանիայի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը նմանօրինակ հանդիպման կազմակերպման համար: Պատվիրակության անդամները փաստեցին, որ այդպիսի հանդիպումները կարեւոր են երկրների միջեւ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցության նոր հարթակներ գտնելու համար:

Պատկերասրահ՝ Գերմանիայի պատվիրակությունը Երեւանում