Նյութը՝ Էմմա Մաթեւոսյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 12-03-2018
Կախարդական բառ, որ ժպիտ է առաջացնում՝ «Salam»
Մարտի 1-ից 8-ը եգիպտական «AIR CAIRO» ավիաընկերությունը եւ Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրօպերատորը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ կազմակերպել էին հատուկ ճանաչողական-տեղեկատվական այց։

Տարբեր լրատվամիջոցների 30 ներկայացուցիչներ այցելեցին Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Շարմ Էլ Շեյխ։ 

Շարմ Էլ Շեյխ՝ անապատային քաղաք, որը բավականին կարճ ժամանակահատվածում վերածվել է տուրիստական ամենաբազմամարդ քաղաքներից մեկի՝ չնայած այն հանգամանքին, որ այնտեղ գրանցված բնակիչներ չկան: Քաղաք, որտեղ լավագույն հանգիստ եւ ժամանց անցկացնելու համար ստեղծվել են բոլոր պայմանները:

Eritasard.am-ի լրագրողը նույնպես մասնակցում էր այդ media trip-ին:



Ճանաչողական այցի ընթացքում լրագրողները ծանոթացան Շարմ Էլ Շեյխում հանգստյան համար առաջարկվող հնարավորություններին: Զանազան էքսկուրսիաների մասնակցելուց, բազում վայրեր այցելելուց հետո լրագրողները մարտի 8-ին վերադարձան Հայաստան։

8-օրյա ճանաչողական այցի շրջանակում լրագրողներն այցելեցին 5 հյուրանոց՝ «Reef Oasis Blue Bay», «Savoy», «Baron Resort», «Barcelo Tiran» եւ «Aurora oriental resort»:

Օդանավակայանից մեզ դիմավորում են ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ Եգիպտոսում էքսկլյուզիվ գործընկերոջ աշխատակիցներն ու արդեն մեր բոլորի կողմից շատ սիրված զբոսավար Ահմեդ Աբբասը, ում պատրաստակամ եւ հոգատար վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչները զգացին մինչեւ վերջին պահը: Նա ամենայն պատասխանատվությամբ պատմում էր Եգիպտոսի սովորույթների, ավանդույթների եւ այն ամենի մասին, ինչ պետք է, եւ այն, ինչից պետք է խուսափել: Ահմեդը նշեց, որ եթե ուզում եք, որ եգիպտացին ժպտա, պարզապես ասե՛ք՝ «Salam» (բարեւ): 



Առաջինն այն, ինչ պետք է իմանալ, ոչ մի դեպքում պետք չէ Եգիպտոսում ծորակից ջուր խմել: Անգամ, եթե լավ չեք տիրապետում օտար լեզուներին, Եգիպտոսում բավականին հեշտ է շփվել եւ հասկացնել այն, ինչ ուզում ես: Առեւտուր անելիս միշտ պետք է սակարկել:

«Կյանքի ճանապարհով» (El Salam) եւ Ահմեդի պատմությունների ու հումորների ուղեկցությամբ հասնում ենք առաջին նշանակետ:

Յուրաքանչյուր հյուրանոցում մեր «Աղ ու հաց»-ի նման մեզ դիմավորում էին խոնավ սրբիչներով եւ հյուրասիրությամբ՝ հյութերով կամ թեթեւ ալկոհոլային խմիչքով:

Առաջին կանգառից՝ «Reef Oasis Blue Bay» հյուրանոցից ստացած տպավորություններն ամենաջերմն էին: Ժպտերես աշխատակցի ուղեկցությամբ տեղավորվում ենք սենյակներում: Աշխատակիցը ներկայանում է. «Ես Այլինն եմ», հարցնում է՝ արդյոք ամեն ինչ նորմալ է: Սենյակում ամեն ինչ կա, ու երբ ճաշից հետո սենյակներ ենք վերադառնում, հարդարված անկողինների վրա տեսնում ենք հատուկ մեզ համար պատրաստված սրտիկներ: Փոքրիկ ժեստ, որ ժպիտ է պարգեւում:



Երեկոյան «Reef Oasis Blue Bay» հյուրանոցի՝ գեղեցիկ ծովափին դիմավորող կողմում բացօթյա շքեղ ընթրիք էր կազմակերպվել: Կազմակերպիչները ողջունեցին մեզ, ներկայացրին, որ հատուկ մեզ համար նախատեսել են յուրահատուկ գեղեցիկ ծրագիր ու մաղթեցին մեզ ուրախ եւ հաճելի հանգիստ: 

Հաջորդ օրը (օր 2) լրագրողներն այցելեցին մզկիթ, եղան Ղպտի ուղղափառ եկեղեցում եւ տեղի ռուսախոս զբոսավարի ներկայացմամբ ծանոթացան եկեղեցու հրաշագեղ սրբապատկերների ստեղծման նախապատմություններին: Երեկոյան՝ ընթրիքից հետո, կազմակերպվել էր այց «Taj Mahal» դիսկոտեկ, որտեղ մեր զբոսավարների եւ լրագրող տղաների շնորհիվ մենք առանց ավելորդ լարվածության պարում եւ լիցքաթափվում էինք: 



Կանգառ երկրորդ՝ «Savoy» հյուրանոց, որը Շարմ Էլ Շեյխի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է համարվում: Դա այն եզակի հյուրանոցներից է, որտեղ անգամ սենյակներում կարող եք օգտվել wifi-ի հնարավորություններից: Հյուրանոցը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա է գտնվում՝ Սոհոյի: Սոհոն նման է մեր Հյուսիսային պողոտային: Այնտեղ երեկոյան ժամերին բավականին մարդաշատ է, եւ ժամը 22:00-ից հետո միանում են երգող ցայտաղբյուրները:

Այնտեղ կան բավականին առեւտրի կենտրոններ, որտեղից կարող եք ձեռք բերել հուշանվերներ: Այդ կենտրոններից մեկում աշխատող երիտասարդ Ռամզես Շարմը պատմեց, որ քաղաքում բավականին թանկ է որեւէ տարածք գնելը, այդ իսկ պատճառով հիմնականում տարածքները վարձակալվում են: Հենց Սոհոյի տարածքում գտնվողները բավականին թանկ են:



Հյուրանոցում տեղավորվելուց հետո (օր 3) լրագրողների համար նախատեսվել էր Սաֆարի տուր: Տուր, որի ընթացքում դու ստանում ես մեծ քանակությամբ ադրենալին: Հասնում ենք մինչեւ բեդվինների վրան, որտեղ թեյի հյուրասիրությունից եւ ուղտի վրա զբոսնելուց հետո վերադառնում ենք հյուրանոց:

Հաջորդ տպավորիչ ժամանցը (օր 4) կազմակերպիչները պլանավորել էին «Fantazia Cruize» նավի վրա, որտեղ անգամ լողալ չիմանալով՝ բոլորը ռիսկի դիմեցին եւ սուզվեցին Կարմիր ծովի բազմագույն եւ բազմատեսակ ձկների աշխարհ: Մեր զբոսավար Ահմեդը զգուշացրել եւ նախապես պատմել էր, որ պետք չէ ջրի տակ դիպչել կորալներին եւ հենց կորալներում բնակվող թեւավոր ձկներին, քանի որ դրանք բավականին վտանգավոր են: Այն հարցին, թե արդյոք շնաձկներ կան, նա հումորով պատասխանեց. «Այստեղ շնաձկներ չկան, բայց ես հատուկ ձեզ համար զանգել եմ, հիմա կբերեն»:

Կանգառ երրորդ՝ «Baron Resort» հյուրանոց: Այս հյուրանոցում լրագրողների այցը զուտ ճանաչողական էր: Հյուրանոցի աշխատակիցները ծանոթացրին տվյալ հյուրանոցում կեցության պայմաններին, այնուհետեւ՝ համեղ հյուրասիրությունից եւ լուսանկարվելուց հետո, մեզ տեղափոխեցին հաջորդ հյուրանոց:



Կանգառ չորրորդ՝ «Barcelo Tiran» հյուրանոց: Ամենաաշխույժ հյուրանոցներից մեկն է, որտեղ երկօրյա կեցության ընթացքում լրագրողական թիմը բազմաթիվ մրցույթների մասնակցեց ու  բոլորից հաղթանակած դուրս եկավ: Այստեղ յուրաքանչյուր երեկո կազմակերպվում են բավականին հետաքրքիր ծրագրեր ու միջոցառումներ: Հյուրանոցում ծանոթացանք (օր 5) Սանկտ Պետերբուրգից պայմանագրային աշխատանքի եկած անիմատոր Անյայի հետ, ով մեզ պատմեց, որ նախքան այդտեղ գալը գործուղվել էր աշխատելու Հուրգադայում, բայց այդտեղ իրեն շատ ավելի լավ է զգում: Անձնակազմը եւ ղեկավարները շատ բարեհամբույր են: Իր աշխատանքը 3 ամսով է, իսկ պայմանագրի լրանալուց հետո ինքը կարող է ընտրել՝ մնալ այդտեղ, թե՝ ոչ: Անյան նշեց նաեւ, որ աշխատանքը բավականին շատ է, եւ ինքը դեռ չի հասցրել վայելել քաղաքի գեղեցկությունը, բայց երբ պայմանագիրը ավարտվի, իրեն տրամադրվելու է 15 օր՝ հենց «Barcelo Tiran» հյուրանոցում իր հանգիստը կազմակերպելու համար:



Հաջորդ օրը (օր 6) լրագրողները վայելեցին «Հազար ու մի գիշերներ» ամրոցում կազմակերպվող պորտապարերի հրաշագեղ շոուին: Ի դեպ, Եգիպտոսում ամենահայտնի պորտապարուհիներից մեկը հայուհի է՝ Ծովինար (Սոֆինազ) անունով:

Հինգերորդ կանգառ՝ «Aurora oriental resort» հյուրանոց: Բավականին հարմարավետ հյուրանոց, որը մեզ հյուրընկալեց մեր այցի վերջին օրը (օր 7)՝ հարմարավետ սենյակներ ու համեղ սնունդ:



Որպես վերջաբան պետք է նշել, որ տպավորություններն ավելին են, քան այսքան գրվածը: Շարմ Էլ Շեյխն այն քաղաքն է, որտեղ կրկին վերադառնալու ցանկություն է առաջանում: Ինչ վերաբերում է սննդին, ապա նշենք, որ բավականին համեղ եւ զանազան ուտեստներ են բոլոր հյուրանոցներում, այնպես որ հաստատ քաղցած չեք մնա:

Հ.Գ. 1: Հատուկ շնորհակալություն մեր զբոսավար Ահմեդ Աբբասին,  արդեն շատ սիրված «Anriva Group»-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանին, ընկերության ղեկավարությանն ու բոլոր աշխատակիցներին մեր 7-օրյա աշխատանքային հանգիստն այդքան հաճելի եւ գեղեցիկ դարձնելու համար:

Հ.Գ. 2: Եվ իսկապես «Salam» բառը միշտ կախարդական ազդեցություն էր ունենում եւ ժպիտ առաջացնում:

Պատկերասրահ՝ Շարմ Էլ Շեյխ