Նյութը՝ «Երիտասարդ Շամշադին» խմբից
Լուսանկարները՝ «Երիտասարդ Շամշադին» խմբի
Տեղադրվել է 14-03-2018
Բերդ համայնքում ակտիվ են երիտասարդները
«Երիտասարդ Շամշադին» խումբը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում համայնքի այն երիտասարդների հետ, ովքեր մտահոգ են համայնքի խնդիրներով, նախաձեռնող են եւ ապագան ցանկանում են կառուցել հենց իրենց համայնքում:

Հանդիպումների ընթացքում քննարկվում են համայնքային մի շարք խնդիրներ, առաջարկվում են դրանց հաղթահարման տարբերակները, ինչի արդյունքում կազմվում եւ իրականացվում են ծրագրեր:

«Երիտասարդ Շամշադին» խմբի հերթական հանդիպմանը խմբի համակարգող Վ. Մելքումյանը, ով փետրվարի 2-6-ը մասնակցել է «Համայնքը Ես եմ» երիտասարդ առաջնորդների ճամբարին, խմբի անդամներին ներկայացրեց ժամանակակից առաջնորդության հիմունքները,  գաղափարը ծրագրի վերածելու կարեւոր դրույթները: Քննարկվեց նաեւ այն հարցը, թե որն է երազած համայնքը, ինչ փոփոխություններ կցանկանային իրականացնել եւ ինչ նախագծեր կյանքի կոչել համայնքի զարգացման համար: 

Դասընթացի ընթացքում Վարդգեսը ներկայացրեց, թե ինչպես սահմանել հիմնախնդիրը, մշակել նպատակներ եւ խնդիրներ, եւ թե ինչ արդյունքներ պետք է ակնկալել իրականացվող ծրագրից:  Անցկացվեց խմբային աշխատանք՝ հիմնախնդրի վերհանման, լուծումների հավաքագրման, ծրագրի մշակման եւ հանրային լուծման վերաբերյալ: Քննարկման ավարտին խմբի անդամները դերային խաղերի միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները։ Գիտելիքներ, որոնք երիտասարդներին կօգնեն ակտիվորեն ներգրավվել համայնքային քաղաքացիական նախաձեռնություններում: