Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-03-2018
Ինչպե՞ս է «ծնվում» գիրքը
21-րդ դարում գրքեր կարելի է կարդալ նաեւ համակարգչով, հեռախոսով կամ նորագույն այլ տեխնոլոգիաների միջոցով: Այնուամենայնիվ, մարդկանց մի ստվար զանգված նախընտրում է թերթել գիրքը, շնչել թղթի բույրը:
Տարեկան տպագրվում են հազարավոր գրքեր, եւ չնայած տեխնիկայի արագ զարգացմանը՝ գրքի հրատարակությունը շարունակում է մնալ աշխատատար եւ ժամանակատար աշխատանք: Գնացել ենք գրքի ստեղծման հետքերով, այցելել հրատարակչություն եւ տպարաններ, փորձել պարզել, թե ինչ փուլերով է այն անցնում մինչեւ ընթերցողին հասնելը:   



Ամեն ինչ սկսվում է…

Հրատարակչական աշխատանքի մասին պատմեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Կան ակադեմիական հրատարակչություններ, որոնք լույս են ընծայում գիտական, կրթական գրքեր, ինչպես նաեւ այլ հրատարակչություններ, որոնք պատրաստում են տարբեր տեսակի գրքեր, ամսագրեր եւ այլն: Ակադեմիական հրատարակությունների պարագայում կոմերցիոն մասը հիմնականում առաջնային չի լինում, մինչդեռ այլ հրատարակչություններ ուշադրություն են դարձնում եկամտաբերությանը:



ԵՊՀ-ում մինչեւ հրատարակչություն հասնելը ֆակուլտետներում քննարկում են տվյալ գրքի արդիականությունը, գիտականությունը, ընթերցողների թիրախային խումբը: Արդեն հրատարակչությունում Գիտահրատարակչական խորհուրդն ուսումնասիրում է տպագրման նպատակահարմարությունը: Դրական որոշում կայացնելու դեպքում սկսվում են խմբագրական աշխատանքները (խոսքը միայն լեզվաոճական խմբագրումների մասին է): Սրբագրելուց հետո էլ կատարվում են համակարգչային շարվածքի, դիզայներական աշխատանքներ:

Առանձնահատուկ կարեւորություն է տրվում շապիկի ձեւավորմանը. չէ՞ որ գրքի հետ ծանոթությունը սկսվում է հենց շապիկից, եւ առաջին տպավորությունն ստեղծվում է արտաքին տեսքից: 
Այս փուլերն անցնելուց հետո գիրքն ուղարկվում է տպարան:

Տպարանում հայտնվելուց հետո…


 
Տպագրության ընթացքը ներկայացրեց «Մավալետա» տպարանի տնօրեն Միքայել Հակոբյանը:

Այսօր գրքերը հիմնականում լույս են ընծայվում օֆսեթ եղանակով: Համակարգչով հավաքված տեքստը փոխանցվում է մետաղաթիթեղին: Այնուհետեւ տպագրական սարքի աշխատանքի ժամանակ ջուր եւ ներկ է քսվում թիթեղին: Ներկը մնում է տառերի կամ պատկերի տեղում, իսկ ջուրը՝ ազատ հատվածում: Այդ տեղեկությունն արտատպվում է ռետինե գլանի վրա, որն էլ հետո փոխանցվում է թղթին:  

Ինչպե՞ս են տպվում գունավոր էջերը


 
Տպագրությունում ամենագործածական գույնը սեւն է, սակայն գունավոր էջերի կամ որոշ հատվածներում տարբեր երանգներով տպելու անհրաժեշտություն եւս հաճախ է զգացվում: Բազմաթիվ մուգ ու բաց գույները ստացվում են երկնագույնով, մանուշակագույնով, դեղինով եւ սեւով: Օգտագործվում է հենց այդ հերթականությունը, այսինքն՝ սկզբում տպվում են երկնագույն հատվածները, վրայից՝ մանուշակագույն, եւ այդպես շարունակ: Օրինակ՝ մուգ նարնջագույն ստանալու համար անհրաժեշտ է 30% երկնագույն, 45% մանուշակագույն, 80% դեղին եւ 5% սեւ ներկ: Ներկերի այս կիրառությունը կոչվում է CMYK (Cyan, Magenta, Yellow, Key color):

Ինչպե՞ս է կազմվում գիրքը… 
 
Կազմարարական աշխատանքի մանրամասներին ծանոթացրեց ԵՊՀ տպարանի կազմարար Էմմա Բարսեղյանը:



Կազմելու մի քանի ձեւ կա. էջերն իրար են միացնում ամրակով («скрепка»), կամ հատուկ սարքը սոսնձով միացնում է էջերն ու շապիկը: Առաջին դեպքում կա կազմելու 2 եղանակ. տետրակար (անունն արդեն հուշում է, որ այն նման է տետրի ամրացման ձեւին, երբ էջերը ծալում են եւ ամրացնում մեջտեղից, այդպես կազմում են հիմնականում բրոշյուրները) եւ վրակար (էջերը դասավորում են իրար վրա եւ մի կողմը միացնում ամրակներով):

Գրքերը կազմում են նաեւ կարելով (մենք ներկա եղանք այս եղանակով պատրաստվող գրքի կազմարարական ամբողջ ընթացքին): Իրար վրա շարված էջերի ծայրին անցքեր են արվում, եւ դրանց միջով ամուր թելով կարվում են: Մեջտեղում ամրության համար դրվում է նաեւ մարլա (марля): Ավելորդ մասերը կտրելով՝ էջերը հավասարեցվում են գիլիոտին կոչվող սարքով (փափուկ կազմով գրքերի դեպքում ավելորդ մասերը կտրում են շապիկին փակցնելուց հետո): Գրքի վերեւի եւ ներքեւի հատվածներում դրվում է կապիտալկա (ժապավենի, երիզի նման կտոր): 



Կոշտ կազմով գիրքը հաճախ կազմվում է բումվինիլով: Այն թղթի կամ կտորի հիմքով նյութ է, լինում է տարբեր գույների, սովորաբար նման է կաշվին: Բումվինիլը սոսնձով փակցվում է ստվարաթղթին: Ստվարաթուղթը էջերից մի փոքր մեծ են վերցնում: Ֆորզացը՝ առաջաթերթը, շապիկը միացնում է միջուկին՝ էջերին: Ամուր կպչելու համար վերջում հատուկ սարքով սեղմում են գիրքը:

Տպարանում յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը. մեկը պատրաստում է մետաղաթիթեղները, մյուսը տպագրում է, երրորդն անհրաժեշտության դեպքում ծալում է էջերը, ուրիշներն էլ մասնակցում են կազմարարական աշխատանքներին (այստեղ եւս կա աշխատանքի բաժանում):
 
«Գրքերը բարեկամներ են՝ անկիրք, բայց հավատարիմ»:
Վ. Հյուգո

Ամեն անգամ, երբ ձեռքներս կվերցնենք մեր լուռ ու հավատարիմ բարեկամներին, արժե հիշել, թե ինչ երկար ու դժվար ճանապարհ են դրանք անցել, մինչեւ հասել են մեզ…