Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-03-2018
Ֆուտբոլային երկրպագուների հույսը չի մարում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից շատերին «Առաջին հայկական ճակատ»-ի հետ մարզադաշտ մտնելն ավելի հաճելի է, քանի ընտրանու ցուցաբերած արդյունքները։

Յուրաքանչյուր տնային խաղից առաջ FAF-ը՝ «Առաջին հայկական ճակատ» շարժումը, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար կազմակերպում է երթ դեպի «Հանրապետական» մարզադաշտ։ Արդեն քանի տարի է՝ երթով, երգերով դեպի ազգային հավաքականի խաղերին գնալը դարձել է առանձնահատուկ երեւույթ ոչ միայն FAF-ականների համար։

«Այնպես է ստացվում, որ ոչ բոլոր հանդիպումներին եմ կարողանում մարզադաշտից սատարել ազգային թիմին, բայց եթե խաղը՝ անկախ իր բնույթից, Հայաստանում է, ապա այդ օրն ամեն ինչ այնպես եմ պլանավորում, որ բաց չթողնեմ կարեւոր իրադարձությունը»,- ասում է երկրպագուների երթին միացած Գարիկ Վարդանյանը։ Վերջինս ոչ միշտ է միանում երկրպագուների երթին, բայց եթե նախապես տեղյակ է լինում, փորձում է բաց չթողնել հետաքրքիր իրադարձությունը։

Երկրպագուների երթով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերին է գնում Կարեն Մուրադյանը։ Երիտասարդի խոսքով՝ թե՛ FAF-ը, թե՛ այլ երկրպագուական շարժումները միմիայն դրականորեն են ազդում ազգային հավաքականին. «Յուրաքանչյուր երկրպագու կարեւոր է թիմի եւ ֆուտբոլիստների համար։ Նրանք խաղում են երկրպագուների համար, այնպես որ չպետք է մտածել, թե ֆանատներ պետք չեն։ Ինքս հույսս չեմ կորցնում, որ մի օր կտեսնեմ գեղեցիկ ու հաղթական խաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կատարմամբ։ Դեռեւս 2016 թվականին այդպիսի խաղ կար, այնպես որ ակնկալիքներ ունենք, որ այսօր էլ հավաքականը կհաղթի»։

Երգով ու թմբկահարմամբ երկրպագուները մտան մարզադաշտ եւ զբաղեցրին իրենց համար նախատեսված տեղը։ Ամբողջ խաղի ընթացքում հայ երկրպագուները փորձում էին ոգեւորել հայ ֆուտբոլիստներին՝ վանկարկելով վերջիններիս անունները եւ ռազմահայրենասիրական, ազգային երգեր կատարելով։ Չնայած Լիտվայից հաշված թվով երկրպագուներ էին եկել, սակայն անգամ նրանց՝ մյուս տրիբունայից մերթընդմերթ եկող ձայնը հայ երկրպագուները փորձում էին լռեցնել։

Հ.Գ.։ Լիտվացի ֆուտբոլիստները հաղթանակից հետո ամբողջ թիմով մոտեցան իրենց համար Լիտվայից Հայաստան եկած երկրպագուների փոքր՝ 10-15 հոգանոց խմբին, ծափահարեցին վերջիններիս եւ տվեցին իրենց մարզաշապիկները։ Հայ ֆուտբոլիստները երկրպագուական սեկտորին այդպես էլ չմոտեցան, խաղից հետո հաշված ֆուտբոլիստներ ծափահարությամբ շնորհակալություն հայտնեցին ազգային թիմին սատարելու եկած տասնյակ երկրպագուներին։

Պատկերասրահ՝ Ազգային հավաքականի մարզաշապիկներով երթ