Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 03-04-2018
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ադրենալինի պակաս չունեցան
«Յելլ էքսթրիմ Պարկը», որը զբոսաշրջային քարտեզում Հայաստանը ճանաչելի է դարձրել որպես էքսթրեմալ տուրիզմի գոտի, ակտիվ հանգիստ նախընտրողներին ներկայանում է նոր առաջարկներով:

Մարտի 30-31-ը՝ «Յելլ էքսթրիմ միայն մեդիաների համար» երկօրյա շրջայցի ընթացքում, ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացան Via Ferrata եւ Off-road նոր էքսթրեմալ զվարճանքներին: 

Via Ferrata՝ հատուկ պատրաստված մագլցվող ճանապարհով շրջայցի մասնակիցները հորիզոնական ձգված 250 մ երկարությամբ ապահովագրական ճոպանի վրայով քայլում էին բարձրադիր ժայռի լայնությամբ՝ հիացած եւ տպավորված սուր զգացողություններով ու ադրենալիով:

Off-road-ի համար նախատեսված գունավոր «կամազով» հաղթահարելով արտաճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, բարդություններ, արգելքներ՝ ԶԼՄ ներկայացուցիչներն ավազոտ, ժայռոտ եւ ցեխոտ անհարթ ճանապարհներով ուղեւորվեցին դեպի լեռներ, «ամպերից վեր»՝ հայտնվելով 2000 մ բարձրության վրա՝ այլ իրականությունում եւ եղանակային այլ գոտում:

Արկածային շրջայցից հետո «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրատվամիջոցներին ներկայացրեց ընկերության ձեռքբերումները, նորությունները, առաջիկա միջոցառումներն ու պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ յուրաքանչյուր խենթ ու էքսթրեմալ նախագիծ նախեւառաջ ծառայում է Ենոքավան համայնքի զարգացմանը՝ օրինակ բերելով Off-road-ը, որի երթուղին ներգրավում է Իջեւանից մինչեւ Ալավերդի ձգվող ամբողջ կանաչ գոտին, իսկ այդ տարածքը քիչ է բնակեցված ու զարգացած, եւ այդտեղ բացակայում են ենթակառուցվածքները:  

««Յելլ էքսթրիմ Պարկը» շարունակում է մշակել զարգացման նոր նախագծեր, եւ 2017 թվականի հոկտեմբերից մեկնարկել է նոր ներդրումային ծրագիր՝ 2,5 մլն դոլարի չափով: Ներդրումն ամբողջությամբ ուղղվելու է Պարկի գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը»,- ասաց Տիգրան Չիբուխչյանը:

Լրագրողներին հետաքրքրեց նաեւ Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման ընթացքը, որին ի պատասխան՝ Տիգրան Չիբուխչյանը նշեց. «Ենոքավանի աշխարհագրական ռելիեֆը՝ չնայած իր բազմաթիվ առավելություններին, այնուամենայնիվ ունի առանձնահատկություններ, որոնց բախվեցինք աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նախագծային աշխատանքների փուլում: Ռելիեֆի «մարտահրավերների» արդյունքում մեր վրացի եւ ամերիկացի գործընկեր ինժեներների հետ իրականցրինք լրացուցիչ ուսումնասիրություններ եւ կատարեցինք վերահաշվարկներ: Բանակցելով ամերիկյան ընկերություններից մեկի հետ՝ մենք ստացանք ծրագիրն իրագործելու առաջարկ, որն ընդհանուր առմամբ շինարարական աշխատանքների հետ կարժենա 2,7 մլն ԱՄՆ դոլար: Մենք անպայման կառուցելու ենք Jais zipe: Հիմա Ենոքավանի տարածքում ուսումնասիրություններ ենք անում, թե որտեղ կարող ենք այն տեղադրել: Ամենաերկար զիփլայն կառուցելն անձամբ իմ եւ մեր ամբողջ թիմի երազանքն է: Աշխարհի մասշտաբով ռեկորդն  ունենալու ենք, թե երբ դա կլինի եւ ինչ նախագծի տեսքով, կկարողանանք ասել արդեն վերջնական ուսումնասիրություններից հետո»:

Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ Պարկի երկարաժամկետ զարգացման ծրագրերից է նաեւ փոքր ավիացիայի զարգացումը: Ներկայում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում փոքր ավիացիայի օդանավակայանի ստեղծման հարցը, որի նպատակն է թռիչքներ իրականացնել Երեւան-Ենոքավան-Երեւան ուղղություններով։

2018 թվականին նախատեսված միջոցառումներից է նաեւ հունիս 16-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացվող՝ արդեն երկրորդ  «Արցախ Էյր Ֆեստ» (Artshakh Air Fest) փառատոնը, որի ընթացքում միջոցառման մասնակիցները Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կկատարեն երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով կամ օդապարիկով:  

Հիշեցնենք նաեւ, որ ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը 2017 թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:

Պատկերասրահ՝ Յելլ Էքսթրիմ ԶԼՄ-ների համար