Նյութը՝ «Գայաննա» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Գայաննա» ՀԿ-ից
Տեղադրվել է 05-04-2018
Բացարձակ ճշմարտություն որոնողների մասին
Օրերս Վանաձորում կայացավ ՀՀ Կյուկուսինկայ կարատեի 2018 թ. Լոռու մարզի առաջնությունը:
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքային պաշտոնատար անձինք եւ ավագանու անդամներ։ Առաջնության հաղթողները ֆեդերացիայի նախագահ, սեւ գոտի 5-րդ դան, բրանչ-չիֆ, առաջնության գլխավոր մրցավար, շիհան Կարեն Մանուկյանի, ֆեդերացիայի փոխնախագահ, սեւ գոտի 3-րդ դան, սենսեյ Արթուր Համբարյանի եւ Վանաձորի «Գայաննա» ՀԿ-ի տնօրեն Գայանե Թադեւոսյանի կողմից պարգեւատրվեցին դիպլոմներով եւ մեդալներով։ Մրցանակակիրների թվում էին նաեւ «Գայաննա» կենտրոնի մարզիկները (մարզիչ՝ սեւ գոտի 2-րդ դան Վահե Դավոյան)։ 

Կյոկուսինկայը համարվում է կարատեի ուժեղագույն ոճերից մեկը: Մարտարվեստի հիմնադիրը հանրահայտ Մասուտացու Օյաման է: 



Նա ստեղծել է կարատեի մի ուրույն, ինքնատիպ համակարգ` ներառելով կարատեի տարբեր ոճերի լավագույն տարրերը, համակարգելով ճշմարիտ կատարելության ուղին: «Կյոկու» թարգմանաբար նշանակում է վերջնագիծ, «սին»` ճշմարտություն, «կայ»` միավորում, հավատ, 
իսկ «Կյոկուսինկայ» (հայերեն՝ «Բացարձակ ճշմարտություն որոնողների միություն»)։ 

Այն դիտարժան մարտարվեստ է եւ վերջին կես դարի ընթացքում նվաճել է աշխարհը: Այսօր այդ մարտարվեստով նախընտրում է զբաղվել 13 մլն  մարդ աշխարհի 140 երկրներում: 



Ինչպես հայտնի է, Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռիո դե Ժանյերոյում տեղի ունեցած 129-րդ սեսիայի ժամանակ որոշել է կարատեն ներառել 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում: Եվ Կյոկուսինկայ կարատեի համաշխարհային ֆեդերացիան, համագործակցելով ՄՕԿ-ի կողմից որպես օլիմպիական մարզաձեւ ճանաչված կարատեի համաշխարհային ֆեդերացիայի հետ (WKF), եւս պատրաստվում է մասնակցել այդ խաղերին։

Ավելի մոտենալով Հայաստանին՝ հարկ է նշել, որ 1990-ականներին ՀՀ Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիան (ՀԿԿՖ) կազմավորվել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (IKO) բրանչ-չիֆ (կազմակերպության լիազոր ներկայացուցիչ), շիհան Կարեն Մանուկյանի ջանքերի շնորհիվ (սեւ գոտի, 5-րդ դան):



ՀԿԿՖ-ն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մեծահասակների, պատանիների եւ աղջիկների առաջնություններ, ամառային եւ ձմեռային ուսումնամարզական հավաքներ, որակավորման քննություններ, մարզչական որակավորման բարձրացման դասընթացներ, իսկ ֆեդերացիայի հավաքականի անդամները բազմիցս մասնակցել են Եվրոպայի, աշխարհի եւ միջազգային տարբեր մրցաշարերի՝ ունենալով  բարձր նվաճումներ։

Ֆեդերացիայի Լոռու մասնաճյուղը 2000 թ.-ին հիմնադրվել է մարզիչներ Վահե Դավոյանի եւ Արշակ Եղիազարյանի նախաձեռնությամբ, կազմավորման գործում մեծ է եղել նաեւ «Գայաննա» ՀԿ-ի նախագահ Գայանե Թադեւոսյանի վաստակը։ Մասնաճյուղը մինչ օրս ունեցել է բազմաթիվ բարձր նվաճումներ: Այժմ Կյոկուսինկայ կարատեի խմբեր են գործում մարզի շուրջ 20 համայնքներում, որտեղից ընտրված 120-ից ավելի մարզիկներ մասնակցում էին Լոռու մարզի առաջնությանը։