Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-04-2018
«Ես միշտ պետք է ներշնչված լինեմ, դա ինձ ուժ է տալիս». Սիլվի Բոսութղոն
«Հոդված 3» ակումբում կազմակերպված «ԾիւսUP» կանանց զրույցների հյուրը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն էր: Քննարկման առանցքում կանանց խնդիրներն էին, հաջողությունները, մոտիվացիան, առաքելությունն ու պաշտպանված լինելը:
Կարիերայում բազմաթիվ հաջողություններ գրանցած Սիլվի Բոսութղոն վստահ է՝ կինը պետք է զբաղվի իր սիրած գործով, եւ այդ ժամանակ նա շրջապատի համար կդառնա ոգեշնչող կերպար:



«Ես միշտ պետք է ներշնչված լինեմ, դա ինձ ուժ է տալիս, ներշնչվեմ ինչ-որ խնդրով, նպատակով,- ասում է Սիլվի Բոսութղոն եւ հավելում,- ներշնչման համար Հայաստանը հրաշալի երկիր է: Հետաքրքիր է այստեղ ապրելը, հեշտ է ինչ-որ բան փոխել եւ արդյունքը տեսնել»:

Հայաստանում կնոջ դերը հզորացնելու համար Բոսութղոն նշում է, որ պետք է կինն անպայման աշխատի, իր անձի նկատմամբ  բռնության դեպքում անպայման արձագանքի եւ պաշտպանի իր իրավունքները. «Շատ կարեւոր է կանանց մեջ վստահություն ձեւավորել, եթե վստահություն ունես, ամեն ինչ կարող ես անել, դու պետք է վստահ լինես, որ շրջապատում կան մարդիկ, ովքեր քեզ սիրում են»:



Անդրադառնալով մեր երկրում կանանց խնդիրներին, որոնք համընդհանուր են, Բոսութղոն առանձնացրեց սկեսուր-հարս հարաբերություններից բխող բարդությունները, որոնք կանանց ունեցած խնդիրների մեջ զգալի տոկոս են կազմում. «Նրանք նույնն են անում, ինչ իրենց հետ են արել: Ես մինչ այժմ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «կիսել տղային ինչ-որ մեկի հետ» արտահայտությունը»:

Նշենք, որ Սիլվի Բոսութղոն 1988 թ.-ից աշխատում  է Համաշխարհային բանկում, բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջաններում, եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, իսկ մինչ Հայաստանում նշանակվելը Ռուսաստանում ծրագրերի ղեկավար է եղել: