Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-04-2018
Նարեկացին՝ քրիստոնյա երկու համայնքների համերաշխության խորհրդանիշ
Այսուհետ Վատիկան այցելող զբոսաշրջիկները կարող են տեսնել Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքին դասված հայ միջնադարյան հոգեւորական, աստվածաշնորհ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը:

Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությամբ եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլի 5-ին Վատիկանի այգիներում բացվեց Գրիգոր Նարեկացու երկու մետրանոց բրոնզե արձանը: Արձանի բացմանը հաջորդել է էկումենիկ արարողություն՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արամ Ա Կաթողիկոսի մասնակցությամբ:    

Դեռ 2016 թվականի հունիսին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը: Այն խորհրդանշում էր Պապի` առաջին քրիստոնյա երկիր կատարած ուխտագնացությունը: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը տվել էր իր հավանությունը:

Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ առկա հարաբերությունները Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցից հետո ավելի արագ են զարգանում: 



Արձանի պատրաստման ստեղծագործական աշխատանքը գլխավորել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Դավիթ Երեւանցին: Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցությամբ արձանը ձուլվել է Չեխիայում: Ճարտարապետը Միքայել Հասրաթյանն է: Արձանը պատրաստված է երկու օրինակից, որոնցից մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում։ 

Արձանի հեղինակ Դավիթ Երեւանցին այն համարում է «երեւույթ-քանդակ»՝ հավատքի եւ օժտվածության սահմաններում: Քանդակը խաչով կերպար չէ: Քանդակում խաչ չկա, փոխարենը կերտված է մարդու եւ Արարչի էությունը, Աստծո փառաբանումը:

Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքից: Հայ սրբերից Նարեկացին միակն է, որ արժանացել է Կաթոլիկ եկեղեցու այդ մեծ տիտղոսին: Նա ոչ միայն մեր հոգեւոր աշխարհի մեծագույն ներկայացուցիչներից է, այլեւ հայ մտքի, փիլիսոփայության, միջնադարյան վաղ վերածննդի բարձրագույն կատարելություն: Նրա «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է եւ պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։