Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-04-2018
Այսօր սպորտի միջազգային օրն է
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հինգ տարի առաջ ապրիլի 6-ը հռչակեց Սպորտի միջազգային օր։

2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովում ապրիլի 6-ը հռչակվեց Սպորտի միջազգային օր։ Արդեն հինգ տարի է՝ այս օրը ՄԱԿ-ի օրացույցում հատուկ տեղ ունի. ընդգծվում է սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման եւ խաղաղության գրավական:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը օրվա առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

«Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին: Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի եւ համերաշխության համընդհանուր գաղափարներին»,- նշված է ուղերձում:

Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ սպորտը, լինելով նաեւ կրթության, զարգացման, առաջընթացի եւ խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի եւ հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջեւ համագործակցության, հանդուրժողականության եւ խաղաղության գաղափարների տարածմանը եւ հաստատմանը. «Մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով եւ միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին»: