Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-04-2018
«Զեյթուն 2» համալիրում բնակարանամուտ տոնեց 134 երիտասարդ ընտանիք
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում ապրիլի 7-ին Երեւանի Պարույր Սեւակի 8/2 հասցեում տեղի ունեցավ բազմաբնակարան շենքի բացման եւ բնակարանամուտի պաշտոնական արարողություն:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Զեյթուն 2»-ի շահառուների թիրախային խմբում ընդգրկվել էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողներ եւ դասախոսներ, երիտասարդ բժիշկներ, արվեստագետներ, գիտնականներ, լրագրողներ եւ մանկավարժներ, ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական ընկերություններում աշխատող մասնագետներ, պետական եւ համայնքային ծառայողներ: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այդ համալիրն ունի 134 բնակարան: Համալիրի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է եւ ասֆալտապատվել, արմատապես նորացվել են կոմունիկացիոն համակարգերը:

Միջոցառման ժամանակ «ԵՊՀ շրջանավարտների միավորումն» ամփոփել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին սոցիալական բնակարանաշինության ծրագրի 10-ամյա գործունեությունը:
Պատասխանատուների ներկայացմամբ՝ բոլոր ընթացիկ եւ առաջիկա ծրագրերով նախատեսված բնակարանների թիվը 3302 է, կառուցապատումների ընդհանուր արժեքը՝ շուրջ 100 մլրդ դրամ, արդեն իսկ կառուցված եւ ընթացքի մեջ գտնվող բնակարանների թիվը՝ 2012, իսկ կառուցման արժեքը՝ շուրջ 43.25 մլրդ դրամ:

ՀՀ Նախագահը շրջել է շենքային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին, մասնակցել շահառու երիտասարդ ընտանիքներից մեկի բնակարանամուտին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Զեյթուն 2» ծրագրի շրջանակում 134 շահառուներ տոնում են իրենց բնակարանամուտը: 

«Վերջին 10 տարվա ընթացքում մենք, ըստ էության, բավարարել ենք երիտասարդ ընտանիքների՝ սուր արտահայտված բնակարանային կարիքը: Սա, թերեւս, այդ ընտանիքների համար լավագույն տասնամյակը պետք է համարել: Նրանց մատչելի բնակարան ունենալու հնարավորություն ընձեռվեց»,-ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը: Ա. Քարամյանը վերհիշեց, որ երբ ինքն էր ամուսնանում, նմանօրինակ ծրագրեր, հնարավորություններ չկային: 

Բնակարանամուտ էր տոնում նաեւ Մերի Դանիելյանի տղայի ընտանիքը: Նրանք արդեն իսկ պատրաստված էին եկել, կոնֆետների տուփ էին բերել: 

«Քաղցրով մտնենք մեր տուն, որ հաջողություն միշտ լինի: Իհարկե, շատ հուզված ենք: Երկու տարի առաջ տղաս դիմեց այս ծրագրին: Իր բնակարանն է, կնոջ եւ տղաների հետ ապրելու է այստեղ»,- ասաց Մերի Դանիելյանը:

Պատկերասրահ՝ «Զեյթուն 2». բացման եւ բնակարանամուտի պաշտոնական արարողություն