Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-04-2018
Կայացավ «Տիեզերք Band»-ի բարեգործական համերգը
Երեք տարի առաջ տաղանդավոր աղջիկներ Լուսինեն, Աստղիկը եւ Էլիզան հիմնեցին խումբ, որն անվանակոչեցին «Տիեզերք Band»: Խմբի անունն ինքնանպատակ չի եղել. Լուսինեն խմբի Լուսինն է, Աստղիկը՝ Աստղը, իսկ Էլիզան՝ Արեւը:

Եռյակից յուրաքանչյուրն անհատականություն է՝ տարբեր բնավորությամբ, նախասիրություններով, ոճով: Նրանց, սակայն, միավորում են Տիեզերքն ու երաժշտության հանդեպ անսահման սերը:

Երեք տարվա ընթացքում խումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, փորձեր եւ համագործակցություններ: Այսօր էլ խումբը տոնում է իր 3-ամյակը՝ հանդիսատեսին ներկայացնելով 3 տարվա անցած ճանապարհն ու ձեռքբերումները:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում աղջիկները մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ պատմեցին իրենց համերգի եւ անցած ճանապարհի մասին: 

«Մենք խմբի ստեղծման 1-ին եւ 2-րդ ամյակները չենք նշել: Անկեղծ ասած, այնքան էինք խորասուզվել երաժշտության մեջ, որ մոռացել էինք ժամանակի զգացողությունը: Կարծում ենք, որ այսօր հասունացել է այն պահը, որպեսզի ներկայանանք գեղեցիկ ծրագրով, հատկապես որ այն բարեգործական բնույթ է կրում: Մենք պարզապես ցանկացանք մեր այս 3 տարիների աշխատանքը, մեր անցած ճանապարհը ներկայացնենք համերգի տեսքով»,- նշեցին աղջիկները: 

Այն հարցին, թե որ ժանրն է առավել հոգեհարազատ, աղջիկները փաստեցին, որ իրենց ընտրած ժանրը սահմաններ չունի, ինչպես Տիեզերքը, իսկ համերգին հնչող բոլոր երգերը յուրահատուկ են: 

«Տիեզերք Band»-ի համերգին ելույթներով հանդես եկան նաեւ հատուկ հյուրեր, «Լավ Էլի» եւ «Բամբիռ» խմբերը: Համագործակցության շրջանակում հնչեցին ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ կոմիտասյան եւ ազգային երգերի մի շարք մշակումներ: 

Աղջիկների խոսքերով՝ իրենք շատ երջանիկ են, որ համագործակցում են այդ երաժիշտների հետ, ովքեր իրենց համար ոչ միայն լավ երաժիշտներ են, այլեւ ավագ ընկերներ, որոնցից շատ բան կարող են սովորել: 

«Լավ Էլի» խմբի անդամ Մհեր Մանուկյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ «Տիեզերք Band»-ի աղջիկներից ինքը եւս շատ բան ունի սովորելու, քանի որ աղջիկները շատ մեծ ստեղծագործական ներուժ եւ երաժշտական լավ ճաշակ ունեն:

«Սա ե՛ւ մեծ պատասխանատվություն է մեզ համար, ե՛ւ հաճույք: Երկու օր առաջ մեր համերգին եւս միասին կատարումներ ունեցանք: Աղջիկների հետ համագործակցությունը շատ նպատակային եւ կարեւոր եմ համարում: Անշուշտ, առաջիկայում մենք կշարունակենք մեր համագործակցությունն ու կլայնացնենք շրջանակները՝ հանդիսատեսին ներկայացնելով նոր երգեր»,- ասաց Մհեր Մանուկյանը: 

Նշենք, որ համերգի ողջ հասույթը կտրամադրվի «Armenian Mothers NGO-Հայ Մայրեր Բարեգործական» ՀԿ-ի «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։

Պատկերասրահ՝ «Տիեզերք Band»-ի բարեգործական համերգը