Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-04-2018
Խաղում են բժիշկները
Ապրիլի 5-ից մեկնարկել են «Վիկտորիա սպորտ» ֆուտբոլային առաջնության հանդիպումները։ Մինչեւ ապրիլի 16-ը բժիշկներից կազմված խմբերը կմրցեն, իսկ վերջին խաղից հետո կկայանա մրցանակաբաշխությունը։



Ապրիլի 9-ին կայացած հերթական հանդիպմանը մրցում էին 4 թիմեր. «Victoria Consulting» մարքեթինգային թիմը 14։6 հաշվով հաղթեց «Իզմիրլյան ուրոլոգիային», իսկ ահա հաջորդ խաղում Հանրապետական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքի տղաները հաղթեցին նույն հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնի թիմին: Դահլիճում թեժ պայքար էր, իսկ խաղի հիմքում  առողջությունն էր։

««Վիկտորիա սպորտ»-ի նպատակը ֆուտբոլային հանդիպումներն են բժիշկների միջեւ, քանի որ մենք հասկանում ենք, որ բժիշկները մշտապես ուշադրություն են դարձնում այլոց  առողջությանը, իսկ իրենց առողջությանն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում»,- մեզ հետ զրույցում նշեց «Victoria Consulting»-ի մարքեթինգային բաժնի մենեջեր Զարուհի Կարապետյանը։



Բժիշկը նույնպես պետք է հետեւի իր առողջությանը, որպեսզի կարողանա հետեւել հիվանդ այցելուների առողջությանը։ Զարուհու խոսքով՝ բժիշկները նույնպես պետք է զբաղվեն առողջ ապրելակերպով, եւ սպորտը պետք է նրանց կյանքի մի մասը լինի։

Նշենք, որ մրցաշարում ներգրավված են 5 թիմեր, իսկ  առավելությունը տրվել է այն բժիշկներին, ովքեր ժամանակին խաղացել են ֆուտբոլ եւ ունեն որոշակի փորձ։



«Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ մրցաշարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բժիշկների շրջանում: Եղան դեպքեր, երբ բժիշկները զանգահարում էին եւ փորձում պարզել, թե ինչու իրենց չեն ներգրավել այս խաղերում»,- ասաց Զարուհի Կարապետյանը։