Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 16-04-2018
«Ճանճ» եւ «Ճանճ-էվոլյուցիա»․ հաղթանակած ճանճերը ցուցադրվեցին ԳԱԿ-ում
Ապրիլի 14-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ հայտնի հայ դիզայներ եւ նկարիչ Նուռի «Ճանճ»-ի ցուցադրությունը, որում ներկայացված էին 2017 թ.-ին Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին՝ «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալի արժանացած աշխատանքները:


Ֆլորենցիայի բիենալեին` եվրոպական ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդես-փառատոներից մեկն է, որտեղ հայազգի Արման Նուռը ներկայացել էր «Ճանճ» եւ «Ճանճ-էվոլյուցիա» աշխատանքներով։ Դրանց կոնցեպցիայի իմաստը սիրո քարոզն է։

 
 ««Ճանճ» աշխատանքը փոքր տեսակի արձանիկ է։ Այդ ճանճը պատմում է սիրո մասին։ Ինչո՞ւ եմ հենց նրան ընտրել, որ պատմի սիրո մասին. որովհետեւ նա ամենաատելի էակներից մեկն է։ Որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք, պետք է կարողանանք ատելիի աչքերով նայել աշխարհին։ Դա անելու համար վերցնում ենք այդ ճանճը, շրջում եւ վերածում ակնոցի, դնելով աչքերին` տեսնում եք ճանճի ճիշտ կրկնված բիոլոգիական տեսողությամբ` 2490 ֆասեդով»,- վստահեցնում է Նուռը։



Հաջորդ աշխատանքը, որը, թերեւս, անսահման հետաքրքրել եւ շարունակում է հետաքրքրել հանրութանը, «Ճանճ-էվոլյուցիան» է, որը  շատ մեծ չափի` 3 մետրանոց պղնձաձույլ արձան է։ Դա էլ պատմում է այն բանի մասին, որ էվոլյուցիայով պրոգրես ապրելուց հետո մարդկությունը մեծանում է, ծանրանում ու ավելի մեծ տարածք զբաղեցնում`կորցնելով կապը բնության հետ․ «Մեծ ճանճը մյուսի պես եւս տրանսֆորմացվում է, փակվում, աչքերը պտտվում են, ու դու տեսնում ես աշխարհն ագրեսիվ, կարմիր եւ ընդհանրացված գույներով։ Հայտնվում ես փականի մեջ։ Հետեւաբար, պրոգրեսը մի օր դառնում է մարդկության համար փական»։ 



Հիշեցնենք, որ բիենալեին մասնակցել են 74 երկրի 417 արվեստագետներ՝ ներկայացնելով շուրջ 1100 ստեղծագործություն։ Բիենալեին Նուռը ներկայացրել է երկու աշխատանք` «Ճանճ» եւ «Ճանճ-էվոլյուցիա»՝ քարոզելով սեր, ներողամտություն եւ մարդասիրություն, իսկ ահա աշխատանքները պատրաստված են բրոնզից, օգտագործված են օրգանական ապակի, ոսկի, տոպազ եւ այլ նյութեր: