Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-04-2018
Հայաստանը Սոֆիայում մասնակցել է Եվրոպական երիտասարդական համաժողովին
Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել ապրիլի 16-19-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպական երիտասարդական համաժողովին:

2018 թվականի տարեսկզբին Բուլղարիան ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, եւ առաջիկա վեց ամիսների համար Եվրոպական միության խորհրդի նախագահությունը ստանձնած Բուլղարիան Եվրոպական միության համար գերակա համարվող տարբեր հիմնահարցերի թվում քննարկման էր դրել նաեւ Եվրոպայում երիտասարդների ապագային առնչվող հարցերը:

Համաժողովի նպատակը Եվոպական միության երիտասարդական ռազմավարության մշակման համար հիմնական գերակայությունների հստակեցումն էր: Այդ կարեւորագույն միջոցառմանը մասնակցում էին շուրջ 300 երիտասարդներ, երիտասարդական ոլորտի առաջնորդներ եւ որոշումներ կայացնողներ ամբողջ Եվրոպայից եւ գործընկերության երկրներից, որոնց թվում է նաեւ Հայաստանը: 

Եվրոպական միության համար կարեւորությամբ եւ ձեւաչափով առանձնահատուկ միջոցառմանը Հայաստանը ներկայացնում էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը: Նրա տեղեկացմամբ՝ համաժողովը կազմակերպել էր Բուլղարիայի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Եվրոպական հանձնախմբի հետ: 



«Համաժողովի շրջանակում առանձնացվել եւ քննարկման է դրվել 11 թեմատիկ ոլորտ: Դրանք նախապես առաջարկվել են Եվրոպական միության եւ գործընկերության երկրներից շուրջ 50.000 երիտասարդների հետ անցկացված հարցումների արդյունքում: Համաժողովի ընթացքում կազմակերպված քննարկումների եւ առաջարկությունների վերջնարդյունքում հստակեցվեցին այն 11 թեմատիկ ոլորտները, որոնք դառնալու են «Եվրոպական երիտասարդական նպատակներ» եւ օգտագործվելու են եվրոպական երիտասարդական ռազմավարության մշակման ժամանակ»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Նաջարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ որպես «երիտասարդական նպատակներ» առանձնացվել են՝ ԵՄ-երիտասարդներ համագործակցություն, երիտասարդական կազմակերպություններ եւ եվրոպական ծրագրեր, ներառական հասարակություն, տեղեկատվություն եւ կառուցողական երկխոսություն, հոգեկան առողջություն եւ բարեկեցություն, գյուղաբնակ երիտասարդների հզորացում, որակյալ աշխատանք, որակյալ ուսուցում, տարածք եւ մասնակցություն, կայուն կանաչ Եվրոպա, սեռերի հավասարություն: 

«Առաջիկայում մշակվող նոր ռազմավարության հիման վրա էլ Եվրոպական հանձնաժողովը կազմելու է հետագա տարիների համար նախատեսված երիտասարդական ծրագրերի/գործողությունների պլան ողջ Եվրոպայի համար»,-նշում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահը: 



Ըստ Արթուր Նաջարյանի՝ նմանատիպ կարեւոր միջոցառումներին Հայաստանից ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտ եւ գերկարեւոր է, հատկապես որ քննարկվում էր եվրոպական երիտասարդական ծրագրերի՝ մեր տարածաշրջանի երիտասարդների համար հասանելիության հարցերը: Նրա հավաստմամբ՝ դա նաեւ ոչ միայն Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու, այլեւ նոր գործընկերությունների հաստատման եւ համագործակցության համար հիանալի հնարավորություն էր: 

«Եվ չնայած նրան, որ համաժողովին մասնակից բոլոր երկրների ազգային երիտասարդական խորհուրդների շարքում Հայաստանի երիտասարդական խորհրդից ոչ մի ներկայացուցիչ չկար (ցավոք, ինչպես որ գրեթե միշտ է լինում), այնուամենայնիվ ամեն ջանք ներդրել եմ երկիրս հավուր պատշաճի ներկայացնելու եւ հայ երիտասարդների համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերի կարեւորության եւ այն ամբողջական հասանելի դարձնելու հարցերը բարձրաձայնելու համար: Հաշվի առնելով համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերի նկատմամբ որոշում կայացնողների ցուցաբերած մեծ հետաքրքրությունը՝ լիահույս եմ, որ առաջիկա տարիներին Եվրոպական միության կողմից իրականացվող կրթական եւ մշակութային ծրագրերը շատ ավելի հասանելի են դառնալու հայ երիտասարդների համար՝ նաեւ առանցքային դարձնելով երիտասարդների եւ որոշում կայացնողների միջեւ երկխոսության կայացման եւ շարունակական դարձնելու հարցերը եւս»,- եզրափակեց Արթուր Նաջարյանը: