Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-04-2018
«In Tour Expo». խթանելով զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը
Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Հունաստանի, Չեխիայի, Իրանի, Եգիպտոսի եւ այլ երկրների զբոսաշրջային ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում մասնակցում են «In Tour Expo 2018» ցուցահանդեսին:

5-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել է «Էքսպո Գրուպ» ընկերությունը: Եռօրյա միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ ապրիլի 20-ին: 

Նշենք, որ «In Tour Expo 2018» ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ Կառավարությունը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իրադարձության մեկնարկին ողջունեց մասնակիցներին՝ կարեւորելով միջոցառման անցկացումը: 

«Նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրվածության եւ շահագրգռվածության բարձրացմանը: Եվ հատկապես ուզում եմ կարեւորել այն փաստը, որ նման միջոցառումները մեր քաղաքացիներին թույլ են տալիս ծանոթանալ մեր երկրի գրավչություններին: Ներքին զբոսաշրջության զարգացումն ընդհանուր զբոսաշրջության զարգացման ամենակարեւոր գրավականներից է: «In Tour Expo»-ն արդեն հինգ տարի շարունակ լավագույն վայրն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների եւ սպառողների շփման համար: Այն հարթակ է, որտեղ մասնավոր հատվածը կարող է շփվել պետականի հետ եւ քննարկել ոլորտին առնչվող հարցերը»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը: 

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը հատուկ շեշտեց, որ արդեն 5 տարի մասնակից ընկերությունների կողքին բարձր մակարդակով ներկայանում է Արցախի Հանրապետությունը: 

«InTour Expo» ցուցահանդեսում բացահայտվում են լավագույն տուրիստական առաջարկները՝ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր եւ այլն:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ 

2017 թվականին ցուցահանդեսին մասնակցել են ոլորտի ավելի քան 90 առաջատար կազմակերպություններ եւ ներկայացուցիչներ, իսկ այցելուների թիվը եղել է ավելի քան 5000 հոգի: 

Պատկերասրահ՝ «In Tour Expo» եւ «SportWay»