Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-04-2018
Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է
Այս օրերին Հայաստանում է հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը: Նրան հրավիրել են՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսին եւ պատմելու ճամփորդությունների մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս զբոսաշրջային ցուցահանդեսին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին, հայ ժողովրդին աջակցության համար այն ժամանակ, երբ ես ապօրինաբար ադրբեջանական բանտում էի: Ես զգում էի, որ մենակ չեմ»,- ասաց Ալեքսանդր Լապշինը:

Լրագրողների հետ զրույցում բլոգերը պատմեց Ադրբեջանում անցկացրած օրերի, իր նկատմամբ կատարված դաժանությունների մասին. «Սեպտեմբերի 10-ին՝ մայրիկիս ծննդյան օրը, բանտախցում հարձակվել են ինձ վրա, ծեծել են, խեղդել, ջարդել ատամներս, կողերս: Երբ արդեն անգիտակից էի, վզիս գոտի գցեցին, կախեցին զուգարանում, որ հետո հայտարարեն, թե իբր կախվել եմ: Հետո համաներում ստացա Իլհամ Ալիեւից: Եվ այդ «ներկայացումը» բարեհաջող ավարտվեց իմ տուն վերադարձով»:

Մի քանի օրից Լապշինը Ստրասբուրգում կբարձրաձայնի ադրբեջանական իշխանությունների գործողությունների, իրեն ազատությունից, արտաքին աշխարհի հետ կապից զրկելու, 7 ամիս մենախցում պահելու, իրավունքների ոտնահարման մասին:

Ալեքսանդր Լապշինն իր ճանապարհորդությունների ընթացքում այցելել էր նաեւ Արցախ, ինչի համար բլոգերի անունը 2011 թվականին հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Ադրբեջանական իշխանությունների հետ խնդիրն ավելի էր սրվել, երբ 2015 թվականին Լապշինին հաջողվել էր ուկրաինական անձնագրով Վրաստանից Ադրբեջան այցելել: Այդ ժամանակ նա չէր ձերբակալվել, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն՝ որպես Օլեքսանդր:

2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ալեքսանդր Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Արցախ այցելության համար: Մոտ երկու ամիս հետո՝ փետրվարի 6-ի գիշերը, բլոգերը արտահանձնվել էր Ադրբեջան: Նա հատուկ չվերթով տեղափոխվել էր Բաքու: 2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: