Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-04-2018
Այսօր պարի միջազգային օրն է
Պարը կամուրջ է մարդկանց միջեւ, կամուրջ երկրի ու երկնքի միջեւ․․․

Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա: Ի դեպ, Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ-ողբերգության սկզբունքները։ 1759-ին թողարկվել է նրա հանրահայտ աշխատությունը՝ «Նամակներ պարի ու բալետի մասին», որտեղ Նովերը ներկայացրել էր բալետի մասին իր սկզբունքները։

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որեւէ ականավոր ներկայացուցիչ։

Տոնի հիմնական գաղափարը, ըստ այն նախաձեռնողների մտահղացման, պետք է լինի բոլոր ուղղությունների պարերի միավորումը՝ որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրն առիթ դառնա պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու համար: Պարը՝ որպես արվեստի ճյուղ, ունակ է հաղթահարելու բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորելու մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։

Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Պարը հատկապես կարեւորվում է հայ մշակույթում, քանի որ պարի մեջ արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, ազգային  սովորույթները, պայքարը եւ սերն իր հայրենիքի նկատմամբ: Ազգային մշակույթի, այդ թվում նաեւ պարի միջոցով են կրթվել սերունդներ` ներծծվելով հայրենասիրությամբ եւ պահպանելով հայի գենը:

Պարի միջազգային օրը եւս մեկ առիթ է արժեւորելու պարարվեստը՝ որպես մշակույթի ամենաարտահայտիչ ոլորտ, ամփոփելու կատարած աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին եւ անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանը: