Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-05-2018
Մայիսի 1. այսօր Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է
Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը տոն է. այսօր Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է տարատեսակ տոնակատարություններով:

Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում եւ մի շարք այլ երկրներում: 

1886 թ. ամերիկացի եւ կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետեւանքով մահացել էին 8 ոստիկան եւ 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:  

1889 թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն տոնն առաջին անգամ նշվել է միայն 1890 թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրն այլ օր է նշվում:

Calend.ru-ն նշում է, որ Մայիսի 1-ը երկար ժամանակ եղել է հեղափոխության, անհաշտ դասային պայքարի խորհրդանիշը, «քաղաքական գույներ» ուներ եւ նշվում էր ցույցերով` զարդարված քաղաքական գործիչների, արտադրության առաջնորդների դիմանկարներով, կարգախոսներով, կոչերով, պաստառներով եւ ժողովրդական տնտեսության այս կամ այն ճյուղի, գիտության, մշակույթի ձեռքբերումների գծապատկերներով: Սակայն աստիճանաբար այդ ենթատեքստը մարեց: 

Այսօր տոնը տարատեսակ միջոցառումներով նշվում է աշխարհի բազում երկրներում, եւս մեկ անգամ անդրադարձ է կատարվում աշխատանքի կարեւորությանը, ոլորտի խնդիրներին ու բացերին: Տոնը նաեւ աշխատանքի վետերաններին մեծարելու եւս մեկ միջոց է: 

Հայաստանում մայիսի 1-ը տոնական եւ ոչ աշխատանքային օր է: Eritasard.am-ի լուսանկարիչը եղել է Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, որն ԱՊՀ տարածքում եզակի բնակավայրերից է, որը հայրենիքին է տվել 11 աշխատանքային հերոս: Այս օրը նաեւ առիթ է հավաքվելու միասին, մեծարելու Արենիում ապրող մեծահասակներին, արժեւորելու նրանց գործունեությունն ու անցած հերոսական ուղին: Տոնական տրամադրությունները մեր լուսանկարիչը ֆիքսել է իր կադրերում:

Պատկերասրահ՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը Արենիում