Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-05-2018
Ջեյմս Միլներին չենք տեսնի Ռուսաստանում
Անգլիական «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլները հրաժարվել է վերադառնալ Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Անգլիական «Լիվերպուլի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած ֆուտբոլիստը կարող էր օգուտ տալ իր երկրի ազգային հավաքականին, սակայն Ջեյմս Միլները մտադիր է հետ չկանգնել դեռեւս երկու տարի առաջ կայացրած որոշումից։ 32-ամյա ֆուտբոլիստը չի տեսնում իրեն երիտասարդներով համալրված հավաքականում։

«Այս որոշումը դժվար էր կայացնել, բայց միջազգային հանդիպումների ժամանակ տեղի ունեցող ընդմիջումը թույլ է տալիս ինձ ավելի լավ վերականգնել եւ լինել հնարավորինս լավագույն մարզավիճակում: Լրացուցիչ խաղերը մեծացնում են ակումբում վնասվածք ստանալու ռիսկը»,- բրիտանացու խոսքերն է մեջբերում «The Times»-ը:

Հիշեցնենք, որ բրիտանացին հավաքականում կարիերան ավարտել էր «ԵՎՐՈ-2016» մրցաշարից հետո, իսկ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը ակումբային բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում մեկ անգամ գոլի եւ 11 անգամ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 

Անգլիայի հավաքականի կազմում (2009-2016թթ.) խաղացողն անցկացրած 61 հանդիպումներում ընդամենը մեկ անգամ է գոլի հեղինակ դարձել: