Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-05-2018
«Եվրատեսիլ-2018»-ում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչը
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը «Toy» երգով: Երկրորդ տեղում հայտնվեց Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Ֆուրեյրան «Fuego» երգով, իսկ երրորդում՝ Ավստրիայի ներկայացուցիչ Սեզար Սեմփսոնը «Nobody But You» կատարմամբ:

Երաժշտասերների կողմից սպասված մրցույթն այս տարի անցկացվում էր Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: 26 երկրների ներկայացուցիչներ հերթով ներկայացրին իրենց մրցութային երգերը:  

Եզրափակչին ելույթ ունեցավ նաեւ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալը: Մրցույթի եզրափակիչը հայաստանյան հեռուստատեսությամբ մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանը եւ Ավետ Բարսեղյանը: Հայաստանյան քվեարկության արդյունքները հայտարարեց երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ով «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցում էր Կամիլի կերպարով: Կիպրոսի քվեարկության արդյունքները ներկայացրեց «Եվրատեսիլ 2017»-ի հայազգի մասնակից Հովիկ Դեմիրճյանը՝ Հովիգը: 

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող երգիչ Սեւակ Խանաղյանը չանցավ հեղինակավոր ստուգատեսի եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որն անցկացվեց մայիսի 8-ին: Խանաղյանը հանդես եկավ 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: