Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 13-05-2018
Կայացավ «Only Girls» խմբի առաջին մենահամերգը
Պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 12-ին կայացավ «Only Girls» խմբի առաջին մենահամերգը:

Յուրահատուկ ձայն, ոճ, խառնվածք եւ բեմական կերպար ունեցող վեցնյակին միավորում են երաժշտությունն ու երաժշտության հանդեպ ունեցած անսահման սերը: Դեռ ամիսներ առաջ խումբն ու խմբի ղեկավար Նաիրա Գուրջինյանը տատանվում էին՝ գնա՞լ եւս մեկ մրցույթի, թե՞ ի վերջո ներկայանալ համերգով: Որոշում կայացվեց՝ ակտիվ եւ ջանասիրաբար աշխատել համերգ ունենալու համար: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Նաիրա Գուրջինյանը նշեց, որ համերգային ծրագիրն ինքնին բարդ է եւ յուրահատուկ, քանի որ երգացանկում ներառվել են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի եւ սիրված երգեր: «Փորձել ենք այնպիսի ծրագիր կազմել, որը կլինի բազմաժանր, յուրահատուկ, չկրկնվող, առանձնացող եւ հետաքրքիր: Երգերը համեմված են պարային շարժումներով, որոնք առավել գեղեցիկ են դարձնում համերգը»,- նշեց Նաիրա Գուրջինյանը:

Աղջիկների խոսքերով՝ յուրաքանչյուր երգ իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի: Չնայած այն հանգամանքին, որ բնավորություններով տարբեր են, սակայն երաժշտական ճաշակն ու նախասիրությունները համընկնում են: 

«Մենք երգում ենք երգեր, որոնք մեզ հաջողություններ են բերել մրցույթների ժամանակ, երգում ենք երգեր, որոնք Նաիրա Գուրջինյանն է գրել, եւ առհասարակ մենք փորձում ենք այնպիսի երգեր ընտրել, որոնք բոլորիս են հոգեհարազատ: Բացի դրանից՝  մեր լսարանը տարբեր տարիքային խմբերից է բաղկացած, ուստի երգացանկի ընտրությունն ունենում է ժամանակագրություն»,- նշեցին աղջիկները: 

Նրանց հավաստմամբ՝ խմբի կայացման եւ երաժշտական ճաշակի ձեւավորման գործում մեծ դեր է խաղացել հենց ղեկավարը՝ Նաիրա Գուրջինյանը: Չնայած վերջին 3 տարին է, ինչ խումբը գործում է, սական փոքր տարիքից ղեկավարի հետ աշխատելու արդյունքի պտուղներն այսօր քաղում են հենց խմբի կազմում: Խումբ, որը ոչ միայն աչքի է ընկնում ձայների յուրահատկությամբ, այլեւ մեկը մյուսին լրացնելու կարողությամբ: 

Այն հարցին, թե արդյոք համերգն ունի որեւէ կոչ կամ գաղափար, որը ցանկանում են հղել հանդիսատեսին, Նաիրա Գուրջինյանը նշեց, որ հիմնական կոչն այն է, որ երեխաներն ու երիտասարդները լսեն որակյալ եւ լավ երաժշտություն: 
Ապագա ծրագրերի մասին խոսելով՝ խմբի անդամները նշեցին, որ չեն ցանկանում բոլոր փակագծերը բացել, սակայն առաջիկայում սպասվում է «The Beatles» խմբին նվիրված համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված երգեր՝ յուրահատուկ մատուցմամբ: 

Նշենք, որ մոտ 1.5 ժամ տեւած համերգի ընթացքում՝ կենդանի կատարմամբ՝ համեմված պարային շարժումներով, հնչեց 18 երգ՝ ինչպես հեղինակային, այնպես էլ բոլորիս կողմից սիրված հայտնի երգերի cover տարբերակներ՝ «Bruno Mars»-ի,«The Beatles»-ի, «Bee Gees»-ի, «ABBA»-ի եւ այլ հայտնի կատարողների երգացանկերից: 

Համերգի ընթացքում եւ վերջում չդադարող ծափերն ու բրավոները փաստեցին՝ «Only Girls» խմբի առաջին մենահամերգը նոր ուղենիշ էր նրանց երաժշտական գործունեության մեջ: 

Պատկերասրահ՝ «Only Girls» խմբի առաջին մենահամերգը