Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families): Այս օրը 1993 թվականի սեպտեմբերի 20-ին հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այն սկսել են նշել 1994 թվականից:

ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատման նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: 

«Ընտանիքն ամենակարեւորն է, ինչ կա աշխարհում: Եթե դուք չունեք ընտանիք, ապա հաշվե՛ք, որ դուք ոչինչ չունեք». Ջոնի Դեպ

Դեռեւս 90-ական թվականներին ամուսնալուծությունների կտրուկ աճ նկատվեց, ինչպես նաեւ աճեց այն մարդկանց թիվը, ովքեր հատել էին 30-ի շեմը, սակայն դեռեւս չէին ամուսնացել եւ անգամ չէին էլ մտածում ամուսնության մասին: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 90-ականներին, կարելի էր ասել, աշխարհը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ: Ուստի որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացավ:

«Ընտանիք ստեղծելու համար բավական է միայն սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել լինել համբերատար եւ ներողամիտ». Մայր Թերեզա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: 

Ընտանիքի միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Դեռեւս 2011 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: 

«Բոլոր երջանիկ ընտանիքներն իրար նման են: Յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի». Լեւ Տոլստոյ

Հ.Գ.: Իրականում մենք երջանկություն ենք փնտրում այն ամենի մեջ, ինչը մեզ համար երկրորդական է: Մենք հաջողակ ենք համարում մեզ նրանում, ինչը եւս երկրորդական է: Մենք մոռանում ենք մեկ բան՝ ապրել, պարզապես ապրել՝ ապրելու համար: Մենք, ինքնասիրություն ասվածը չհասկանալով, խառնում ենք եսասիրության հետ: Ընտանիք. ահա կյանքի իմաստն ու արժեքը: Միակ բանը, որ կյանքը նվիրում է մեզ՝ դեռ չծնված: Ընտանիքն է կյանքին տալիս իմաստ, քանի որ նրանում ապրում են մեր կյանքին իմաստ տվող կյանքերը: