Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2018
«Տրամվայ «Ցանկություն»»-ը՝ նոր շնչով երեւանյան բեմում
Մայիսի 14-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց Թենեսի Ուիլյամսի հայտնի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսի բեմադրությունը: Բեմադրող ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է. շուրջ երկու տասնամյակ այս ներկայացումը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում էր:

Ի դեպ, «Տրամվայ «Ցանկություն»»-ն աշխարհում ամենաշատ բեմադրվող գործերից է: Նոր բեմադրության գլխավոր դերերում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը, Արամոն, Ստեփան Ղամբարյանը եւ Նարինե Պետրոսյանը: Շահվերդյանը պիեսը բեմադրել է նաեւ Ռումինիայում: 

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում: «Ցանկություն» սիմվոլիկ անվամբ տրամվայը քաղաքի ծայրամաս է բերում Բլանշ Դյուբուային (Լուիզա Ղամբարյան), ով կորցրել է տոհմական ագարակը եւ եկել է քրոջ՝ Ստելլայի (Նարինե Պետրոսյան) եւ նրա ամուսնու՝ Սթենլի Կովալսկու (Ստեփան Ղամբարյան) մոտ՝ ժամանակավոր ապրելու: Ծնողներին կորցնելուց հետո Բլանշը ստիպված էր վաճառել տունը: Ստելլան կարեկցում է Բլանշին: Միանգամայն այլ է Սթենլիի վերաբերմունքը: Նա բացահայտ զզվանքով է վերաբերում կնոջը, կասկածում է, որ Բլանշը ստիպված էր վաճառել տունը, եւ կարծում է, որ նա յուրացրել է նաեւ այն դրամը, որը պիտի բաժին հասներ Ստելլային եւ իրեն՝ ըստ Նապոլեոնի օրենսգրքի: Կովալսկիների տանը Բլանշը ծանոթանում է փականագործ Միտչի (Արամո) հետ: Վերջինս հիացած է Բլանշով: Սթենլին շարունակում է տհաճություն զգալ Բլանշի հանդեպ, մանավանդ այն բանից հետո, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Բլանշն արտահայտվում իր մասին եւ անգամ քրոջը խորհուրդ է տալիս հեռանալ իրենից: Եվ նա սկսում է հետաքրքրվել Բլանշի անցյալով: Ծնողների մահից հետո Բլանշն ամուսնացել է, ամուսինը մահացել է, եւ հետագայում կինը կարեկցանք է փնտրել բազում անկողիններում: Բլանշի ծննդյան օրը Սթենլին բացահայտում է նրա գաղտնիքն ու ամեն ինչ պատմում Ստելլային: Սթենլին տոմս է «նվիրում» Բլանշին, որպեսզի նա վերադառնա իր հարազատ քաղաքը: Երբ Ստելլան հիվանդանոցում է, Սթենլին բռնաբարում է Բլանշին, իսկ պատահածից հետո կինը խելագարվում է: Հոգեբուժարանի ճանապարհին Բլանշն ասում է. «Իմ ամբողջ կյանքում ես միշտ կախված եմ եղել առաջին իսկ պատահած մարդու բարությունից»:  

Ընդհանրապես Բլանշի կերպարը բավականին հետաքրքիր է, բազմաշերտ: Թվում է, թե Լուիզա Ղամբարյանի կերտած ինքնատիպ հերոսն իրեն բոլորից վեր է դասում, սակայն ինչ-որ առումով դա պաշտպանողական ռեակցիա է: Եվ ինչպես ինքն է ներկայացման մեջ ասում՝ «Ես հիմար եմ եղել, մարգարիտներ եմ շաղ տվել խոզերի առջեւ»:  

Սթենլիի մասին Լուիզա Ղամբարյանի կերտած կերպարն այսպես է արտահայտվում. «Կյանքում կանխամտածված դաժանությունը միակ մեղքն է, որ ներում չունի: Մեղք, որը ես չեմ գործել»:  

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում անցկացված պրեմիերան շատ ջերմ ընդունվեց ներկաների կողմից: Հանդիսատեսը միջոցառման ավարտին բարձր եւ հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց դերասանական կազմին եւ բեմադրող ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին: 

Պատկերասրահ՝ «Տրամվայ «Ցանկություն»» պիեսի բեմադրությունը