Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-05-2018
Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգողը վստահ է՝ ծխելը կախվածություն է, որից պետք է ձերբազատվել
«Սպառողների ազգային ասոցիացիա»-յի հրավերով Հայաստանում է փորձագետ, «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող, «Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն:

«Գրին Բին no smoking» սրճարանում մայիսի 16-ին Կնորեն հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց «Ինչի մասին է ստում ծխախոտի ինդուստրիան» թեմայով զեկույց եւ պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: 



Օլգա Կնորեն հանդիպման ընթացքում խոստովանեց, որ ինքն էլ ժամանակին ծխել է՝ հետեւելով շրջապատի ազդեցությանը, սակայն առողջական խնդիրների հետ կապված դադարել է ծխել: Փորձագետը փաստեց՝ շատ եզակի դեպքերում են մարդիկ ամբողջ կյանքում ծխում, խմում եւ երկար տարիներ ապրում: 

Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգողն ընդգծեց, որ ծխելը կախվածություն է, եւ նիկոտինի նկատմամբ կախվածությունը հավասարազոր է հերոինից կախվածությանը: 



Ըստ փորձագետի՝ Հայաստանում ծխախոտը, այլ երկրների հետ համեմատած, էժան է, հարկերն էլ ցածր են: Թուրքիայում, օրինակ, ակցիզային հարկը 70 տոկոս են արել ամեն ծխախոտի տուփից, բազում ոչ արդյունավետ քայլեր կատարել՝ երկրում ծխողների թիվը նվազեցնելու համար, սակայն ստացել են հակառակ արդյունք. ծխողների թիվն աճել է: 

Անդրադառնալով հարեւան մյուս երկրին՝ փորձագետն ընդգծեց, որ Վրաստանում, օրինակ, հասարակական վայրերում չծխելու հետ կապված օրենք է ընդունվել, եւ այն պահպանվում է քաղաքացիների կողմից: Կնորեն անգամ զրուցել է տեղի ռեստորանների մենեջերների հետ, եւ իրենք էլ զարմացած են եղել իրենց հաճախորդների նման վարքից: 



«Ծխախոտի գովազդի արգելքն ուղղված չէ մեծահասակներին, այն ուղղված է դեռահասներին»,- հատուկ շեշտեց փորձագետը՝ հավելելով, սակայն, որ մեր օրերում ծխելուց հրաժարվելուն ուղղված տարատեսակ միջոցները, օրինակ, այքոսները երբեմն հակառակ ազդեցություն են ունենում: Այդ դեպքում, ըստ նրա, օրինակ, դեռահասը փորձում է դա՝ համարելով այն անվտանգ միջոց եւ սկսում ծխախոտ էլ փորձել: 

Օլգա Կնորեն առանձնահատուկ շեշտեց, որ անվնաս քանակությամբ ծխախոտ չի լինում: 



Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «Սպառողների ազգային ասոցիացիա»-ն հիմնադրվել է 1995 թ., ունի ավելի քան 15 հազար անդամ: Առաքելությունն է պաշտպանել սպառողների իրավունքները տնտեսության բոլոր ոլորտներում, բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց՝ հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու եւ պաշտպանելու իրենց շահերն ապրանքների ու ծառայությունների շուկայում, պայքարելու հանուն ազգաբնակչության առողջության պահպանման եւ ապագա առողջ սերնդի ձեւավորման: