Նյութը՝ Միլենա Մկրտչյան
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-05-2018
Հայաստանում մեկնարկել է ռուսական ֆիլմերի շաբաթը
Ռուս-հայկական մշակութային այդ միջոցառումն անցկացվելու է մայիսի 16-ից 20-ը:


Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մայիսի 16-ին տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվեց «Դեպի վեր» ֆիլմը:

Երեւանում եւ Գյումրիում ցուցադրվելու են ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են ե՛ւ ժամանակակից Ռուսաստանը, ե՛ւ նրա պատմական անցյալը:



 «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ Ռուսաստանի հետ կարեւոր է գործակցային կապը նաեւ կինոյի ու ֆիլմարտադրության ոլորտում:

«Հույս ունեմ, որ սա ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է, այլեւ մի հարթակ է, որտեղ կարելի է գտնել որոշակի ճանապարհներ համատեղ արտադրության, նոր, հետաքրքիր ծրագրերի ստեղծման համար: Եվ հաջորդ հանդիպման ժամանակ ոչ միայն կխոսենք ռուսական ֆիլմերի, այլեւ համատեղ իրականացվող ծրագրերի մասին»,- նշեց Կարեն Ղազարյանը:



Ռուսաստանից Հայաստան են ժամանել ՌԴ ՄՆ կինոմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ ԳալինաՍտրոչկովան, ՌԴ ՄՆ կինոմատոգրաֆիայի դեպարտամենտի, կինոմատոգրաֆիայի կազմակերպությունների փոխգործության բաժնի ղեկավար Ալեքսանդր Իկոննիկովը, Կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոն Մալիշեւը, ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ դերասաններ:



Ծրագրի ընթացքում ցուցադրվելու են 12 ֆիլմեր, որոնցից երկուսը վավերագրական կինոնկարներ են: 

Ռուսական կինոնկարները ցուցադրվելու են Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում եւ Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ֆիլմերի ցուցադրումից հետո կլինեն քննարկումներ հանդիսատեսի հետ, եւ ֆիլմերը կներկայացնեն դրանք ստեղծողները՝ պրոդյուսերները, ռեժիսորները, դերասանները:



Ռուսաստանից Հայաստան ժամանած պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի խոսքով` ցանկացած նկարահանող խումբ ուրախությամբ է գալիս Հայաստան: 

«Իմ կարծիքով՝ հայկական կինոմատոգրաֆիան բավական լավ հեռանկարներ ունի այսօր, ունի նաեւ գեղեցիկ անցյալ ու հրաշալի ֆիլմեր: Այստեղ են ստեղծվել խորհրդային կինոյի գլուխգործոցները: Հայաստանը յուրահատուկ տեղանք է նկարահանումների համար: Փոքրիկ եւ կոմպակտ տարածքում կա ամեն ինչ՝ սարեր, ժայռեր, անտառներ, հարթավայրեր: Տարվա բոլոր եղանակներին Արագածին ձյուն կա եւ այլն: Առկա են նաեւ բոլոր ծառայությունները, որոնք պատրաստ են օգնելու նկարահանման ընթացքում: Այդ ամենի համադրումը շատ հազվադեպ է պատահում»,- ասում է պրոդյուսերը եւ հավելում, որ այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են «Ռուսական ֆիլմերի շաբաթը Հայաստանում» կամ «Ոսկե ծիրան» փառատոնը, առաջ կմղեն կինոյի ոլորտի ծրագրերը:



«Հայաստանում ֆենոմենալ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծում եմ` դա դրական կանդրադառնա բոլոր ոլորտների վրա: Դա կխթանի նաեւ մշակույթը եւ արվեստը: Յուրաքանչյուր գաղափարախոսություն եւ փոփոխություն պետք է խրախուսվեն ստեղծագործական հաղթանակներով, որովհետեւ արվեստը հավերժ է»,- կարեւորեց Ռաֆայել Մինասբեկյանը:

Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում ցուցադրվելիք բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է: