Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-05-2018
Աշխարհի առեղծվածային եւ յուրահատուկ թանգարանները
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն ռուսական պատվիրակության առաջարկությամբ 1977 թվականի մայիսի 18-ին հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM-The International Council of Museums) որոշմամբ: 1978 թ.-ից այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Թանգարանների միջազգային տոնի կապակցությամբ Eritasard.am-ը ներկայացնում է առեղծվածային եւ յուրահատուկ թանգարանների շարքը:

Լապշայի թանգարան (Ճապոնիա, Օսակա) 

Այս թանգարանը հիմնադրվել է 1999 թ.-ի նոյեմբերի 21-ին՝ հայտնի ռամեն (լապշայի տեսակ) ստեղծող Մոմոֆուկու Անդոյի կողմից: Մինչեւ թանգարան մտնելն այցելուներն ականատես են լինում թատերական ներկայացման, ինչպես նաեւ տեղեկանում են լապշայի պատրաստման գաղտնիքներին: Թանգարանում, ի տարբերություն այլ թանգարանների, էքսկուրսավար չկա: Մուտքի արժեքը մեծերի համար  5 դոլար է, իսկ երեխաների համար՝ 3:



Կոյուղու թանգարան (Ֆրանսիա, Փարիզ)

Այս թանգարանում այցելուները ծանոթանում են կոյուղիների ստեղծման պատմությանը՝ Կարլ 5-րդից մինչեւ ներկա ժամանակներ: Կոյուղու ամբողջ համակարգը կազմում է 2100 կմ: Շատերը կմտածեն, որ գարշահոտ է տիրում, սակայն դա այդպես չէ: Թանգարանն այնպես է ստեղծվել, որպեսզի այցելուները որեւէ հոտ չզգան: Տոմսի արժեքը մեծերի համար կազմում է 4.40 եվրո, իսկ փոքրերի համար՝ 2.40:



Կոտրված սրտերի թանգարան (Խորվաթիա, Զագրեբ)

Այս թանգարանն աշխարհի ամենայուրահատուկ թանգարաններից մեկն է: Այդպիսի թանգարան ստեղծելու գաղափարը պատկանում է նախկին ամուսինների, ովքեր կարծում էին, որ պետք է լինի մի վայր, որտեղ կարող են հավաքվել կոտրված սրտերը: Թանգարանում ներկայացված են սիրո տարբեր պատմություններ, իրեր, գրառումներ: 2011 թվականին այն ճանաչվել է Խորվաթիայի լավագույն թանգարանը: 



Մահվան թանգարան (ԱՄՆ, Լոս Անջելես)
Այս թանգարանը ստեղծվել է 1995 թվականին՝ «Մենք բոլորս կմահանանք, ինչու չիմանալ մահվան մասին մի փոքր ավելին» խորագրով: Թանգարանի դրամարկղի մոտ փակցված պաստառի վրա գրված է, որ խորհուրդ չի տրվում այցելել երեխաներին, հղի կանանց եւ նրանց, ովքեր նյարդերից թույլ են: Թանգարանի այցը կազմում է 15 դոլար: 



Կախարդանքի թանգարան (Անգլիա, Կորնուոլի կոմսություն)

Այս թանգարանը ստեղծվել է 20-րդ դարի կեսերին՝ վհուկ Սեսիլ Ուիլյամսոնի կողմից: Թանգարանում այցելուները կարող են տեսնել կախարդանքի տարբեր պարագաներ, որոնք բաժանված են եւ տեղադրված տարբեր բաժիններում: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Թանգարանի տոմսը մեծերի համար կազմում է 2 դոլար, իսկ երեխաների համար՝ 4: 

Քանդակների թանգարան՝ ջրի տակ (Մեքսիկա, Կանկուն)

Քանդակների յուրահատուկ թանգարանը 2010 թ.-ին ստեղծվել է Կարիբյան ծովում: Ներկայացված է ավելի քան 500 քանդակ, ինչպես նաեւ մեքենա եւ տուն: Քանդակները գտնվում են 4-8 մետր խորության վրա եւ ամուր ամրացված են ծովի հատակին: Ամեն տարի այս թանգարան այցելում է մոտ 750 հազար մարդ: Մուտքը կազմում է 50 դոլար: