Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 19-05-2018
Մասնագիտությունների մանկական քաղաք. բացահայտելով «Սիթիզեն»-ը
Վայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բացահայտելու ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերելու օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ եւ փորձ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:

Մայիսի 19-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ նրանց երեխաները հնարավորություն ստացան բացահայտելու «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը: Բանկից մինչեւ գրախանութ, քաղաքապետարանից մինչեւ ոստիկանություն, փրկարար ծառայություն, սրճարան, անգամ բանտ. «Սիթիզեն»-ը յուրահատուկ միջավայր է, որն ամփոփում է քաղաքային կյանքի ամբողջ կոլորիտը: «Սիթիզեն»-ի հիմքում դրված են երեխայի զարգացման՝ կրթություն եւ խաղ-զվարճանք կարեւոր գաղափարները: 

«Մենք չենք հորինել այս նախագծի կոնցեպտը, ամեն ինչ սկսվել է 20 տարի առաջ Մեքսիկայում: Մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, այցելել ենք տարբեր երկրներ, ընտրել ենք այն, ինչ հարմար է մեր երկրի պայմաններին: «Սիթիզեն»-ը տարածաշրջանում առաջինն է եւ դեռեւս միակը»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Սիթիզեն»-ի տնօրեն Նաթելլա Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ քաղաք պարբերաբար այցելող երեխաները հետագայում կարող են ստանալ քաղաքի անձնագիր, վարորդական իրավունք եւ այլն. այսինքն՝ քաղաքը կառուցվել է իրական աշխարհին մոտ եղանակով: 

«Սիթիզեն»-ի տնօրենը նշեց, որ երեխաներն ամենաշատը ցանկանում են հրշեջ դառնալ, քանի որ այն ամենազվարճալի արկածներից է «Սիթիզեն»-ում: Բացի դրանից՝ երեխաները շատ են սիրում ոստիկանի մասնագիտությունը, գտնել հանցագործին, բացահայտումներ կատարել: Նշենք, որ կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկանների համար: Շուտով կենտրոնում կլինի նաեւ տարածք՝ հատուկ մեծահասակների համար, հայրիկներն անգամ կկարողանան «Playstation» խաղալ: 

Միջոցառման ընթացքում լրագրողները «Փլեյ Սիթի»-ում մասնակցեցին «Կարտինգ մեդիաների համար» հատուկ մրցարշավին:

Պատկերասրահ՝ ԶԼՄ ներկայացուցիչները մասնագիտությունների մանկական քաղաքում