Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-05-2018
«Շիրակը» բոյկոտում է, իսկ «Ալաշկերտը» պարգեւատրվում է որպես չեմպիոն
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որի վերջին տուրին հաջորդեց նաեւ մրցանակակիր թիմի պարգեւատրման արարողությունը։

Հանգստյան օրերին եզրագծին հասավ 2017-2018թթ. ֆուտբոլային մրցաշարը. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն ավարտվեց: Վերջին՝ 30-րդ տուրում տեղի ունեցավ երկու խաղ, իսկ մեկը չկայացավ. «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բոյկոտեց «Փյունիկի» հետ հանդիպումը ի նշան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից վերջերս կայացված որոշման (խմբ. «Բանանցի» հետ պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար Գյումրին ներկայացնող ակումբից հանվել է 12 միավոր)։

Վերջին տուրում հաղթանակ տոնեց «Ալաշկերտը»։ Մրցակիցը օրերս Հայաստանի գավաթակիր դարձած «Գանձասար-Կապանն» էր։ Գրանցվեց 2-0 հաշվով հաղթանակ։ Աչքի ընկան Արտակ Դաշյանը եւ Արտակ Եդիգարյանը։

Տուրի մյուս խաղում «Բանանցը» առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ Գրանցվեց 2-0 հաշիվ։ «Բանանցին» հաղթանակ պարգեւեցին առաջին խաղակեսում Ռումյան Հովսեփյանի եւ Լեստեր Պելտիերի խփած գոլերը։

 «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնվեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները եւ չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին։ Մրցանակը հաղթողին փոխանցեց ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Հ.Գ.։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բողոքարկելու է ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի կողմից օրեր առաջ կայացված որոշումը նաեւ միջազգային դատարաններում։ Այս պահին պնդումը, թե «Ալաշկերտը» ավարտված մրցաշրջանի վերջնական չեմպիոնն է, մի փոքր վաղ է, քանի որ այս դատական գործընթացը դեռ նոր-նոր է սկսվել։