Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-05-2018
«Գրողը պետք է զգա իր ընթերցողի կենդանի շունչն ու զարկերակը…». Անուշ Ասլիբեկյան
«Ես երիտասարդ գրող եմ…» հեղինակային շարքի հաջորդ հյուրը երիտասարդ թատերագետ, դրամատուրգ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանն է:

Երիտասարդ արձակագիրը ծննդով Սեւան քաղաքից է: Ծնվել է 1981 թվականին: Ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

«Ես երիտասարդ գրող եմ եւ թավշյա հեղափոխություն ապրած երկրի հպարտ քաղաքացի»,- ասում է Անուշ Ասլիբեկյանը:

- Ինչպե՞ս սկսեցիք գրել, եւ ինչպե՞ս ծնվեց Ձեր առաջին պատմվածքը՝ «Հասցնել ապրել»-ը: 

- Մանկավարժ մայրս շատ էր կարդում մեզ համար, չկար առանց հեքիաթի երեկո: Հետո էլ, երբ ինքս կարդալ սկսեցի, անդառնալիորեն տարվեցի հատկապես պոեզիայով, Թումանյանն ինձ համար բացեց գրականության աշխարհը: Բանաստեղծություններ գրել եմ դեռեւս վաղ մանկությունից: Դրանք առաջին անգամ տպագրվեցին «Սեւան» թերթում, հիշում եմ՝ 1988-ի շարժման տարիներն էին (7-8 տարեկան էի), բանաստեղծություններս էլ բոցաշունչ հայրենասիրական էին, ժամանակին համահունչ. միանգամից հավանության էին արժանացել: 
Արձակին անցնելն ինձ համար էլ անսպասելի էր: Պատանեկության տարիներին, երբ սկսեցի արտաքին աշխարհն ավելի խորունկ ճանաչել, այլեւս չբավարարեց պոեզիայի ներանձնական տարածքը, եւ դիմեցի ավելի ընդգրկուն եւ ծավալուն ժանրերի, թեեւ այդ տարիների պատմվածքներս կարելի է նաեւ արձակ պոեզիա անվանել: «Հասցնել ապրել»-ն առաջին անգամ տպագրվեց «Նոր-Դար» ամսագրում՝ Արտաշես Արամի խիստ ոգեւորող ողջերթի խոսքով: Հետո «Նարցիս» ամսագիրն էր, հետո՝ «Գրեթերթը», «Գրական թերթը» եւ այսպես շարունակ: Այդ տարիներին մամուլում տպագրված պատմվածքներս հետագայում զետեղվեցին իմ «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուում՝ իբրեւ իրական ու երեւակայական փոքրիկ կտավներ:

- Թատերագետի մասնագիտությունն ի՞նչ ազդեցություն է ունենում Ձեր՝ արձակագրի ստեղծագործական գործունեության վրա: 

- Որպես ստեղծագործող շատ լավ կարող եմ հասկանալ ու զգալ՝ ինչ բան է քննադատություն լսելը, հետեւաբար թատերագիտական հոդված գրելիս հաշվի եմ առնում ստեղծագործողի փխրուն բնույթը, գրում եմ սրտացավորեն,  դիպուկ, բայց՝ ոչ ոչնչացնող: Երբ հերթն էլ գալիս է իմ ստեղծագործության մասին վերլուծական կարդալուն, ինքս,  լինելով քննադատ, հոգեբանորեն ավելի պատրաստված եմ կարծիք, խորհուրդ լսում եւ տարբերում եմ առողջ քննադատությունը միտումնավոր խոցող քննադատությունից: Թատերագետի մասնագիտությունը նաեւ թատրոնի եւ դրամայի իմացություն է, որն էլ ինձ, ի վերջո, ուղղորդեց դեպի դրամատուրգիա:



- Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել «Արվեստ» ամսագիրը, եւ բովանդակային ի՞նչ շեշտադրումներ կային ամսագրի էջերում: 

- Սոս Սարգսյանի ռեկտոր լինելու տարիներին բուհում մեծ ոգեւորություն կար, ա՛յ ճիշտ այնպիսի տրամադրություններ, ինչպիսին հիմա հետհեղափոխական Հայաստանում, երբ մարդն իրեն կարեւորված է զգում, երբ կենդանի երկխոսություն կա վերադասի հետ: Նա հեղինակություն էր, իր վարքով վարակում ու ոգեւորում էր, մեզ էլ հորդորեց նախաձեռնություններ ունենալ: Այդպես ծնվեց մի ուսանողական պարբերական, որտեղ բացի բուհի առօրյան լուսաբանելուց, բացի թատերախոսականներից եւ այլ նյութերից՝ ստեղծեցինք այն էջը, որտեղ վեր էինք հանելու բուհում առկա խնդիրները: Խմբագրակազմի քննադատական աչքից ոչինչ չէր վրիպում,  հետո որպես գլխավոր խմբագիր թերթը հպարտ տանում, դնում էի ռեկտորի սեղանին, հետո ինձ կանչում էին նրա մոտ «պատասխանատվության», հետո համառում էինք: Մեր համառության շնորհիվ բուհում քանի-քանի հարց լուծվեց այդ տարիներին:

- Ձեր բոլոր ստեղծագործությունները հորինվա՞ծք են, թե՞ հիմնված են իրական փաստերի վրա:

- Նորվեգացի հռչակավոր գրող Հենրիկ Իբսենն ասում էր. «Այն ամենը, ինչ ես ստեղծել եմ, սերտորեն կապված է այն ամենին, ինչ ես վերապրել եմ, թեեւ դրանք տեղի չեն ունեցել անձամբ ինձ հետ»: Գրողը ներքին կյանքեր ունի, նա մարդկային մեկ կյանքի ընթացքում հասցնում է մտովի ապրել բազում կենսագրություններ: Անըմբռնելի հատկություն է դա, բայց գրողը կարող է անձնականի պես վերապրել, զգալ, հասկանալ այլ մարդկանց ապրումները եւ ապա գրականության վերածելով՝ ընթերցողին համոզել, որ ստեղծագործության հերոսն ինքն է: Դե՛, իսկ երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուիս գրեթե բոլոր հերոսներն իրական դեմքեր են՝ գրողի հայացքի ներքո վերածնված, մետամորֆոզների ենթարկված: 

- «Մերսեդեսը» պատմվածքում անդրադարձել եք հետպատերազմյան խորհրդային կյանքին եւ սփյուռքահայ իրականությանը: Ի՞նչ եք ցանկացել փոխանցել ընթերցողին այդ ստեղծագործության միջոցով: 

- Հայի դժնի ճակատագիրը նրան հետապնդել է ամենուր, ճակատագիր, որն անցնում է բազում փորձություններով, Հայաստանի պատմական տարբեր շրջաններով, բայց անդավաճան է մնում մարդկային իր բարոյական տեսակին: Ցեղասպանություն վերապրածների սերունդներն անգամ հայրենիքում չգտան խաղաղություն, ի՞նչ դասեր ենք քաղում պատմությունից, ինչո՞ւ ենք տարանջատում տեղի եւ Սփյուռքի հայությանը, ի՞նչ բան է իրական հայրենասիրությունը: Պատմվածքն առաջին անգամ այս դիտակետից է բարձրացնում Սփյուռքի եւ հայրենիքի կապը:



- Ինչպե՞ս Ձեր «Կոմիտաս. լույս բարեբեր» պիեսը բեմադրվեց Սանկտ Պետերբուրգում:

- Պետերբուրգաբնակ բեմադրիչ ու պրոդյուսեր Համլետ Հայրապետյանի՝ երիտասարդ հայ դրամատուրգի որոնումների արդյունքն էր այդ պիեսիս ծնունդը: Նա ինձ առաջարկեց իր գաղափարները բեմական գրականության վերածել: Դա ռուս-հայկական նախագիծ էր՝ Ցեղասպանության 100-ամյակին եւ Կոմիտաս վարդապետի մահվան 80-րդ տարելիցին նվիրված: Պրեմիերան կայացավ 2015-ի ապրիլին, բեմադրիչներն էին Համլետ Հայրապետյանը եւ Իվան Լատիշեւը: Բեմում էին ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Կուխարեշինը եւ Պետերբուրգի տարբեր թատրոնների դերասաններ, ինչպես նաեւ Վահան Արծրունին՝ իր Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրած «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարի կատարումներով: Հայ եւ ռուս արտիստները բեմից ներկայացնում էին հայազգի հանճար Կոմիտասի կյանքի ու կենսագրության բեկումնային փուլերը, ինչպես նաեւ հայ ժողովրդի անցած պատմական բարդ ուղին այդ ժամանակահատվածում: Ներկայացումը լուծված էր ժամանակակից թատրոնում այսօր լայն տարածում գտած փաստագրական դրամայի ժանրում:

- Որքանո՞վ եք կարեւորում ժամանակակից այլ գրողների հետ հանդիպումները եւ գրական քննարկումները: 

- Տեւական դադարից հետո գրականագետ Անի Փաշայանի հետ վերականգնեցինք գրական ընթերցումների մշակույթն ու մինչ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուիս ծնվելն այդ շարքից մի քանի գործեր ներկայացրինք ընթերցողին: Այդ հանդիպումներին ներկա էին թե՛ պարզապես ընթերցողներ, թե՛ բազմաթիվ գրողներ: Գրողը պետք է զգա իր ընթերցողի կենդանի շունչն ու զարկերակը, լսի մյուս գրողների կարծիքն իր ստեղծագործությունների վերաբերյալ: Այդ հանդիպումները ինքնահմայության համար չեն, այլ ժամանակի շունչը զգալու եւ ինքդ քեզ խմբագրելու համար են:

- Անուշ Ասլիբեկյան գրողին փողոցում շատե՞րն են ճանաչում:

- Ընթերցողներիս քանակի մասին կարող եմ դատել երկու ժողովածուներիս վաճառքից միայն. դրանց երկուսի տպաքանակն էլ մինչեւ վերջին գիրքը սպառված է: Համացանցի շնորհիվ նույնպես հստակ տեսանելի է ընթերցողի թիվը, գրական հանդիպումներն էլ այդ մասին որոշակի պատկերացում են տալիս: Գուցեեւ ճանաչելիության մասին են վկայում տարբեր լեզուներով ստեղծագործություններիս թարգմանությունները եւ հրատարակումներն արտերկրյա ժողովածուներում ու հանդեսներում: Չգիտեմ՝ դա շա՞տ է իրականում, թե՞ քիչ:



- Առաջիկայում ի՞նչ նոր գիրք կներկայացնեք ընթերցողներին:

- 2017-ին մասնակցեցի Երեւանյան գրքի առաջին փառատոնին եւ երկու հաղթողներից մեկը ճանաչվեցի «Դրամատուրգիա» անվանակարգում: Այդ մրցանակը շատ կարեւոր է, քանի որ պետպատվերով գիրք հրատարակելու հնարավորությունից, ինչպես գիտեք, արդեն զրկված են գրողները, իսկ այդ մրցանակը դրամական պարգեւ էր՝ ժողովածու հրատարակելու համար: Գիրքս տպագրելու առաջարկ ստացել եմ «Արմավ» հրատարակչությունից, հետեւաբար 2018-ի ընթացքում լույս կտեսնի պիեսներիս առաջին ժողովածուն՝ «Թռիչք քաղաքի վրայով» վերնագրով: Դա իմ առաջին պիեսի վերնագիրն է, պիես, որի բեմադրությունը մեծ հաջողություն բերեց ինձ Հայաստանում եւ մի շարք երկրներում: Առանձին գրքույկով տպագրության եմ պատրաստում նաեւ «Պրոֆեսորը» վիպակս, պլանների մեջ է նաեւ «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիան եւ հայ թատրոնը» թեմայով գիտական ուսումնասիրությունս:

- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել 21-րդ դարում ստեղծագործող հեղինակ:

- 21-րդ դարում մարդն ազատ է, մարդու կարծիքը կարեւոր է, նա կարող է քայլերթով արտահայտել իր անհնազանդությունը, կարող է գաղափարական, բարոյական կռիվ մղել եւ հաղթել: 21-րդ դարն արագընթաց է, իրադարձությունների ու թեմաների առատություն կա, գրողի համար  ե՛ւ երանելի, ե՛ւ բարդ ժամանակներ են, բարդ է հասցնելու իմաստով, նաեւ գրականության բազմազան դրսեւորումներ կան, պետք է սեփական գույն ու կոլորիտ ունենալ տեսանելի լինելու համար:

- Ըստ Ձեզ՝ ո՞ր գրքերը պետք է կարդալ երիտասարդ տարիներին:

- Դժվար է այդ հարցին պատասխանել: Գրականությունն անծայրածիր օվկիան է, պարզապես պետք է անհագ կարդալ, կարդալ հայրենի դասականներին եւ ժամանակակիցներին, կարդալ փիլիսոփայական, պատմական գրականություն, հաղթահարել դրամատուրգիա կարդալու բարդությունը, շատ կարդալ նաեւ պոեզիա: Երիտասարդ մարդուն գրականությունն է դարձնում քաղաքակիրթ աշխարհի մասնիկ եւ անհատ: