Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-05-2018
Ալլա Սահակյան. «Աշխատասիրությունը կարեւոր է ցանկացած գործում»
Eritasard.am-ն իր «Հաջողության գրավականը» հեղինակային շարքում ներկայացնում է թատրոնի ու կինոյի դերասանուհի, երգչուհի, հագուստի մոդելավորող Ալլա Սահակյանին:

Պատմում է ինքը՝ Ալլա Սահակյանը:

Մասնագիտության ընտրություն, այլընտրանքային ոլորտներ…

Դպրոցական տարիներից սկսած շատ ակտիվ եմ եղել: Հաճախել եմ Հայորդաց տուն, որտեղ շատ բուռն եւ բազմակողմանի կրթություն եմ ստացել: Զբաղվել եմ գորգագործությամբ, ասեղնագործությամբ, նկարչությամբ, հագուստի մոդելավորմաբ, ինչպես նաեւ հաճախել եմ թատերական խմբակ: Նույնիսկ 12 տարեկանում իմ գործած գորգը ստացել է առաջին մրցանակ: Այդ ամենին զուգահեռ՝ դպրոցում շատ լավ եմ սովորել: Ունեի շատ լավ ֆիզմաթ. եւ հումանիտար կրթություն, ուստի ծնողներիս համար անակնկալ էր, որ ես որոշեցի ընդունվել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներից յուրաքանչյուրը կարծում էր, որ ես ընտրելու եւ շարունակելու եմ իրենց ոլորտով: Սակայն միշտ մտածում էի, որ ցանկացած մասնագիտություն ընտրելու դեպքում՝ անպայման պետք է զբաղվեմ հագուստի մոդելավորմամբ: 8-րդ դասարանից կարում եւ ձեւում էի, ոգեւորությունս շատ մեծ էր: Ես վստահորեն կարող եմ ասել, որ այլընտրանքային մասնագիտությունները միշտ են ինձ կյանքիս ընթացքում ուղորդում, ավելին՝ օգնում: Ի վերջո, որոշում կայացրեցի ընդունվել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Սոս Սարգսյանի արհեստանոց: 

Առաջին բեմելն ու Կոնսերվատորիա ընդունվելու որոշում…

Ուսանողական տարիներին եւ մասնավորապես երկրորդ կուրսի վերջին հանդես էինք գալիս Համազգային թատրոնի բեմում: Դա շատ լավ հնարավորություն էր, քանի որ արդեն ավարտելու ժամանակ մեծ փորձ ունեինք, պատրաստ էինք առավել պրոֆեսիոնալ ներկայանալ հանդիսատեսին: Անշուշտ, ուսանողական տարիներին ներկայացումները շատ են նպաստում դերասանի մասնագիտական վերելքին:

Ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո որոշեցի պարապել եւ ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Դասական վոկալի հանդեպ միշտ եմ սեր ունեցել: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին զուգահեռ՝ զբաղվել եմ հագուստի մոդելավորմամբ, ինչն ինձ օգնել է գումար վաստակել: 



Սերիալներում նկարահանվելու մեկնարկն ու հեռանալը…

Ինչ խոսք, սովորելու տարիներին բավականին դժվար էր, իսկ այդ ժամանակ հայկական իրականություն մուտք գործեցին սերիալները: Առաջին բազմասերիանոց սերիալը, որտեղ նկարահանվել եմ, «Մի՛ վախեցիր»-ն էր, իսկ հետո հրավիրեցին «Կյանքի գինը» սերիալ: Կարող եմ ասել, որ այդ շրջանը հնարավորություն տվեց, որ ես կարողանամ ոչ միայն գումար վաստակել, այլեւ այն ներդնել իմ կրթության մեջ: Հետագայում, սակայն, զգացի, որ սերիալներում ես այլեւս ինձ չեմ տեսնում. շատ բաներ չէին ոգեւորում, հեռանկարներ չէի տեսնում, ուստի որոշեցի այլեւս չնկարահանվել: Առաջարկներ եղել են ընթացքում, սակայն մերժել եմ: Սակայն շատ կուզենամ, որ սերիալները լինեն այն հարթության վրա, որով մեկնարկը տրվել է: Արդեն 6 տարի է, ինչ ես որոշում եմ կայացրել, որ այլեւս չեմ նկարահանվելու սերիալներում: Ինչ խոսք, թատրոնն այլ հարթության վրա է ինձ համար: 

Հագուստի մոդելավորում, «Ծաղկազարդ» հավաքածուի ներկայացում…

Ներկայացումների ժամանակ հաճախ եմ ներդնում իմ ձեռագիրը հագուստների մոդելավորման գործում: Հագուստներ մոդելավորել եմ նաեւ օպերային ներկայացումների համար: 2017 թվականին ներկայացրեցի «Ծաղկազարդ» մանկական հավաքածուն, որտեղ երեխաները բնության կենդանի ծաղիկներ էին: Հագուստների բոլոր աքսեսուարները, ծաղիկները, ժանյակները ինքս էի պատրաստել: 

Ջազ…

Առաջին փորձս Կոնսերվատորիայից հետո էր: Ունեցա համերգ, որի ժամանակ ժազային ստանդարտներ էի երգում: Սակայն ջազային ոճն առավել խորացված ուսումնասիրեցի, երբ ծանոթացա ամուսնուս՝ Գարի Քյոսայանի հետ: Նա երաժշտական տվյալներս բարձր գնահատեց եւ առաջարկեց հետաքրքիր ծրագրերով հանդես գալ: Սկսեցինք համագործակցել, աշխատանքներ տանել, համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մոնտեկարլոյում: Համերգներին հանդես ենք գալիս թե՛ դուետով, թե՛ քառյակով: Երգելը, պարապելը միշտ կան իմ օրակարգում, ավելին՝ ինձ համար եւս առանձնահատուկ դեր ունեն: 

Կարող եմ ասել, որ ընտանիքի անդամի հետ աշխատելը հեշտ է իմ պարագայում, քանի որ գիտեմ աշխատանքի սկզբունքները, պահանջները: Բացի դրանից՝ յուրաքանչյուր նախագծից շատ բան կարելի է սովորել, չհասցրածը լրացնել մյուսի օգնությամբ: Միշտ սովորելու բան կա կյանքում, որպեսզի կարողանաս ինքնադրսեւորվել: Ի վերջո, դա մեր աշխատանքն է, ուստի փորձում եմ կարողություններս մաքսիմալ ներդնել: 



Երեխայի մասնագիտական կարողությունների զարգացում…

Ես եւ Գարին հակված ենք, որպեսզի զարգացնենք այն նախասիրություններն ու կարողությունները, որոնք ունի մեր աղջիկը, սակայն դա այն տարիքն է, որ երեխայի վրա չպետք է ճնշում գործադրել: Երեխայի համար կա հստակ տարիք, երբ կարելի է կոնկրետ ուղղությամբ աշխատել նրա հետ, որպեսզի նա սիրով եւ հաճույքով զբաղվի իր նախընտրելի մասնագիտությամբ: 

Ես չեմ կարող ասել, որ հասել եմ այն բարձրակետին, որից այն կողմ այլ բան չկա: Ո՛չ, միանշանակ կարող եմ ասել, որ ամեն օր նոր բան եմ սովորում: Ես իմ սխալները շատ լավ տեսնում, գիտակցում եմ, սակայն փորձում եմ տեղում շտկել: Երբեւէ որեւէ պարագայում չեմ հուսահատվում, որ որեւէ բան չստացվեց: 

Հաջողության գրավականը…

Հավատը եւ աշխատելը… Հավատն առանց աշխատելու չի լինում: Աշխատասիրությունը կարեւոր է ցանկացած գործում:

Հ.Գ.: Նշենք, որ իրականի եւ անիրականի սահմանագծին կառուցված «Սանտա Կրուս» ներկայացումն ամիսներ առաջ համալրեց Համազգային թատրոնի խաղացանկը: Շվեյցարացի հանրահայտ վիպասան, թատերագիր Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» պիեսը կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին է: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ալլա Սահակյանը: Հերոսուհին սիրում է ծովահենի, բայց նախընտրելով կայուն կյանքը՝ ամուսնանում է ազնվական բարոնի հետ: 17 երկար ու ձիգ տարիների ընթացքում միշտ հիշում եւ երազում է այն տղամարդուն, ով ամուսնությունը համարում էր կապանք եւ սիրում ազատությունը: