Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-05-2018
Ռոման Մուրադովի դիզայներության դասընթացը՝ «Թումո» կենտրոնում
Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Կալիֆորնիայի արվեստի քոլեջի դասախոս Ռոման Մուրադովի վարպետության դասընթացը:
Ռոման Մուրադովը նախ ներողություն խնդրեց ներկաներից, որ հայերեն չգիտի եւ դասընթացը վարեց անգլերեն:



Դիզայնով հետաքրքրված լսարանին նա ներկայացրեց իր աշխատանքները, այն գրքերի ձեւավորումները, որոնց հեղինակը ինքն է՝ ծանոթացնելով նաեւ դրանց ստեղծման առանձնահատկություններին, պատմությանը: Մուրադովը ներկայացրեց նաեւ իր «On Doing Nothing» գիրքն ու այլ կոմիքսներ, ընթերցեց դրանցից հատվածներ ու պատմեց, թե որտեղից են հայտնվում նոր աշխատանքների գաղափարները: 



«Ես ի սկզբանե Մոսկվայի Գուբկինի համալսարանում ուսումնասիրել եմ նավթային ինժեներություն, այնուհետեւ մի քանի տարի աշխատել եմ, մինչեւ հասել եմ ձանձրույթի եւ դեպրեսիայի, որն էլ ներշնչել է ինձ մեկ այլ բանով զբաղվել: Դեռ փոքր տարիքից գեղարվեստական ազդակներ ունեի, որոնք մինչեւ 20 տարեկանը ճնշված էին: Երբ ես եկա Սան Ֆրանցիսկո, ոչ մի գաղափար չունեի, թե արվեստի ինչ տեսակով եմ զբաղվելու, ես միայն կարող էի ասել, որ եկել եմ արվեստ սովորելու համար»,-ասում է Մուրադովը:



Նշենք, որ նա բազմաթիվ մրցանակների արժանացած նկարազարդող է, ում հետ համագործակցությունների ցանկում են «New York Times»-ը, «Penguin Random House»-ը ու «Vogue»-ը: 



Մուրադովի նկարազարդումների մեջ ամեն ինչ կա. դրանք փոխանցում են ե՛ւ հումորի զգացողություն, ե՛ւ հմուտ գծերի գրավիչ համադրություն, խորքային գույներ, ե՛ւ կարծես պատահական արված հարվածներ: