Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-05-2018
Կայացավ «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսի բացումը
Մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական ամենակարեւոր փաստերը, դեմքերը, հարստությունները՝  ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ: 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Վերջինս նշեց, որ նմանօրինակ ցուցահանդեսի կազմակերպումը շատ կարեւոր է, որպեսզի սերունդներին կարողանանք փոխանցել օրվա խորհուրդը, կարեւոր գաղափարը՝ անկախություն, պետականություն եւ ինքնիշխանություն ունենալու առումով: 

«Ցուցահանդեսն ինքնին ամփոփում է երկու շատ կարեւոր իրադարձություն՝ Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը: Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր իրադարձության համար: Կարեւորելով անկախությունն ու ազատ պետականությունը, ունենալով սա մեր մտքում եւ կրելով մշակույթի մեջ՝ անպայման պետք է շարժվենք առաջ»,- նշեց նախարարը: 

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ կարեւոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին: 

«Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան բաժանված է սրահների: Առաջին՝ կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում: Կապույտ սրահում ներկայացված է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի եւ տնտեսության զարգացումը: Ցուցադրության համար կիրառվել են բազմաթիվ սիմվոլներ: Մեկնարկը տրված է Արամ Մանուկյանի կոչով, եւ հաջորդաբար կարելի է տեսնել, թե ինչ ընթացք է ունեցել պետության կայացումը: Ցուցասրահում կարելի է տեսնել նաեւ մեխանիկական անիվների աշխատանքը, որը խորհրդանշում է ընթացքն ու զարգացումը»,- նշեց Արուսյակ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում, ուստի ներկայացվել են նաեւ թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարեւոր նշանակություն  են ունեցել:

«Մենք ցանկացանք այդ ամենը համադրել եւ ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Սա պարզապես միջոց է պատմությունը նորովի ներկայացնելու համար»,- նշեց Արուսյակ Սաֆարյանը: 

Այսպիսով՝ Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուներին հերթական հնարավորություն է տալիս ցուցահանդեսի միջոցով «քայլել» Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման ճանապարհով: