Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-05-2018
«Հայաստանի աստղերը». տարբեր ցեղատեսակի շների մասնակցությամբ ցուցահանդես կազմակերպվեց
«Գոլդի» հայկական կինոլոգիական միությունը մայիսի 26-ին Երեւանում կազմակերպեց բոլոր ցեղատեսակի շների CAC-CACIB-WKU «Հայաստանի աստղերը-2018» ցուցահանդեսը:
Գերմանական հովվաշներից մինչեւ սիբիրյան հասկի ու այլ ցեղատեսակներ. ընդհանուր առմամբ ցուցահանդեսն ունեցավ 40 մասնակից-շուն ոչ միայն Հայաստանից, այլեւ Վրաստանից:

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել է World Kennel Union-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Գոլդի» հայկական կինոլոգիական միության նախագահ Ստեփան Զաքարյանը: Ի դեպ, «Գոլդի» հայկական կինոլոգիական միությունը WKU համաշխարհային միության միակ ներկայացուցիչն է Հայաստանում: 

«Տարին երկու անգամ մենք անցկացնում ենք նմանատիպ միջոցառումներ: Միջազգային ցուցահանդես է, որին հրավիրված է փորձագետ Կիեւից: Նայում են շների ցուցանիշները՝ հասակ, մազածածկույթ, գլխի, ականջների դիրք, ոտքեր, պոչ եւ այլն, այնուհետեւ շնիկը որակավորում է ստանում, հետո՝ մրցանակ: CAC որակավորումը նշանակում է Հայաստանի չեմպիոնի թեկնածու, CACIB-ը՝ միջազգային չեմպիոնի թեկնածու»,- մեզ հետ զրույցում նշեց Ստեփան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ՝ աշնանը կազմակերպվելիք միջազգային ստուգատեսին սպասում են Վրաստանից, Ուկրաինայից խմբերի, ովքեր եւս կմասնակցեն իրադարձությանը: 

Միջոցառման մասնակից Սեւակ Ավագյանը մեզ հետ զրույցում պատմեց իր ռետրիվեր ցեղատեսակի շան մասին, որն արդեն իսկ հասցրել է միջազգային մրցույթների դափնեկիր դառնալ. «Շան անունն Արչի է, մենք նրան Ուկրաինայից ենք բերել՝ որպես իմ աղջկա հարսանեկան նվեր: Ես եւ կինս տանը շուն պահելուն դեմ ենք եղել, սակայն մեր աղջիկը միշտ ցանկացել է հենց ռետրիվեր ցեղատեսակի շուն ունենալ: Մեր աղջկա հարսանիքին որոշեցինք նվիրել, բայց տղայի ծնողները չցանկացան շանը պահել, շունը մնաց մեզ հետ, հետո դարձավ մեր ընտանիքի անդամ: Շուտով 3 տարեկան է դառնալու»:  

Նշենք, որ ցուցահանդեսն անցկացրեց WKU միջազգային փորձագետ Դենիս Սոֆրոնովը (Ուկրաինա): 
 
Պատկերասրահ՝ «Հայաստանի աստղերը - 2018» ցուցահանդեսը