Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-06-2018
«Չէի ուզում հույսը կորցրած Կոմիտասի մասին գրել». Մարկ Արեն
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 31-ին կայացան «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը եւ հանդիպումը գրողի հետ:



Մարկ Արենը ներկաներին պատմեց, թե ինչպես է ծնունդ առել իր «Վիլ-Էվրար»  ստեղծագործությունը, որը պատմում է ոչ հայտնի, ոչ սովորական Կոմիտասի մասին:

««Վիլ-Էվրար»-ը բավականին հետաքրքիր ծնվեց: Իմ մտերիմ ընկերներից մեկը՝ Վալերի Սարյանը, մի միտք հուշեց, որ հետաքրքիր կլինի Կոմիտասի մասին պատմություն գրել: Նրան ասացի, որ Կոմիտասի մասին պատմություն գրելը բավականին ծանր բեռ է. նա այնպիսի վիթխարի անձնավորություն է, ում մասին գրելը բավականին բարդ է, բայց խոստացա մտածել այդ մասին: Եկա եզրակացության, որ կուզենայի գրել իմ Կոմիտասի մասին, մի Կոմիտասի մասին, ում լայն հասարակությունը չի ճանաչում»,- ասում է Մարկ Արենը:



«Վիլ-Էվրար»-ն այն հոգեբուժարանի անվանումն է, որտեղ, տեղափոխվելով Ֆրանսիա, բուժում է ստացել Կոմիտասը: Մեզ ավելի հայտնի է «Վիլ Ժյուիֆ» հոգեբուժարանը, որտեղ Կոմիտասին այցելել են նրա հարազատները, ընկերները, սակայն «Վիլ-Էվրար»-ի ժամանակահատվածում Կոմիտասի կյանքի պատմության էջերը փակ են մնացել: Կոմիտասի կյանքի պատմության հենց այդ շրջանին էլ անդրադարձել է Մարկ Արենը:

«Մեզ մոտ տպավորված է Կոմիտասի պատկերը ծանր, դաժան դեպքերից հետո՝ հույսը կորցրած, մոլորված, ընկճված, կյանքից հոգնած: Ես չէի ուզում այդպիսի Կոմիտասի մասին գրել, խորացա նրա կենսագրության մեջ եւ գտա մի ժամանակահատված, որի մասին ոչ ոք գրեթե ոչինչ չգիտի: Դա այն ժամանակահատվածն էր, երբ նա տեղափոխվեց Ֆրանսիա եւ մոտ երկու տարի ապրեց Վիլ-Էվրար հոգեբուժարանում: Ես չեմ կարող պնդել, որ այն, ինչ գրել եմ, դա այդպես էլ եղել է, բայց ոչ ոք չի էլ կարող դա հերքել»,- նշեց Մարկ Արենը:



Հեղինակը գրքից մի դրվագ առանձնացրեց, որտեղ մի քանի նախադասությամբ անդրադարձել է Կոմիտասի կյանքի դաժան էջերին. «Հոգեբուժարանում Կոմիտասը զրուցում է իր բժշկի՝ Իզաբելլի հետ: Նա պատմում է բժշկուհուն, որ իր կյանքի բավականին երկար ժամանակահատված նվիրել է մեր խազերի վերականգնմանը եւ իրեն հաջողվել է գրեթե բոլորը վերականգնել՝ բացի հինգից, որովհետեւ նրան խանգարել է զուլումը: Իզաբելլը, չհասկանալով, թե ինչ բան է զուլումը, հարց է տվել Կոմիտասին, եւ վերջինս պատասխանել է, որ դա այն ժամանակն էր, երբ թուրքերը ոչնչացնում էին իր ազգը»:

Նշենք, որ հանդիպման ընթացքում ներկաները Մարկ Արենի մակագրությամբ գիրքը ձեռք բերելու հնարավորություն ունեցան:



1921 թ... Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձեւության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում «Շանել N:5»-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը եւ դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, մահապատժից փրկում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սենսանսը Փարիզում ելույթ է ունենում իր վերջին համերգով: 

Եվ հենց այդտեղ՝ Փարիզում՝ Վիլ-Էվրար հոգեբուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը...