Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 02-06-2018
Կենդանաբանական այգի երեխաների մուտքը հունիսի 1-ին անվճար էր
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, երեխաների մուտքը Կենդանաբանական այգի անվճար էր:
Մանուկների ամենասիրելի վայրերից մեկը տոնի առթիվ ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ էր կազմակերպել: Պարային ու երաժշտական համարներ՝ հենց երեխաների կատարմամբ. ընդ որում՝ փոքրիկ պարողները նաեւ կրում էին կենդանիներին պատկերող հագուստներ: 

Համերգային ծրագրին զուգահեռ՝ երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները, հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսներ ու աճպարարներ: 

Ի դեպ, նշենք, որ Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով տոնական օրն անցկացրել է փոքրիկների հետ, շրջել է այգու տարածքով: 

Սովորաբար այգու տարեշրջանը մեկնարկում է հենց հունիսի 1-ին, սակայն այս տարի տարեշրջանի բացումը տեղի ունեցավ մայիսի 26-ին: 

«Կենդանաբանական այգին մենք համարում ենք Երեւանի այցեքարտերից մեկը: Արդեն վստահաբար կարող ենք նաեւ ասել, որ Կենդանաբանական այգին, որը ժամանակակից լուծումներով եւ այցելուների սպասարկման ու կենդանիների պահպանման չափանիշներով համապատասխանում է միջազգային նորմերին, դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն, որը տարվա բոլոր սեզոններին անընդմեջ կընդունի այցելուների»,- տարեշրջանի բացմանը նշել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ փաստելով, որ իրենց առջեւ այգին նաեւ կենդանիներով հարստացնելու խնդիր է դրված: 

Պատկերասրահ՝ 
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Կենդանաբանական այգում