Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 03-06-2018
Հեծանվաերթ՝ նվիրված Եվրոպայի օրվան
Մայիսի 11-ին մեկնարկած Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարքը ամփոփվեցին հունիսի 2-ին:

Այս տարի տոնակատարություններն անցկացվեցին «Եվրոպան այստեղ է» խորագրով, եւ առաջին անգամ ԵՄ պատվիրակությունը հանդես եկավ երաժշտական մրցույթով, որի արդյունքում ստեղծվեց «Եվրոպան այստեղ է» օրհներգը: Միջոցառումների աշխարհագրական բաշխվածությունն այս տարի ընդգրկեց 6 մարզ, իսկ կիզակետը մայրաքաղաք Երեւանն էր: 

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններից անմասն չմնացին նաեւ հեծանվորդները: Հունիսի 2-ի Հյուսիսային պողոտայից մեկնարկեց հեծանվային երթը:   

Եվրոպական միության կողմին աջակցող թիմի PR պատասխանատու Լիանա Խաչատրյանը, Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հեծանվաերթի մասին,  նշեց. «Ամբողջ մայիս ամսվա ընթացքում մենք ունեցանք տարբեր տոնակատարություններ, իսկ այսօր կլինի ամփոփում: Այսօր իրականացնում ենք հեծանվային երթ, որին մասնակցում է 100-ից ավելի հեծանվորդ: Հեծանվային երթուղուն կմասնակցի նաեւ ԵՄ դեսպանը: Երթուղին կշարունակվի մինչեւ Հրազդանի կիրճ, որտեղ փոքր մրցույթներ կլինեն: Կունենանք նաեւ մրցանակաբաշխություն, որի ժամանակ լավագույն հեծանվորդները կպարգեւատրվեն»:

Այն հարցին, թե այս տարի ինչ սկզբունքով են ընտրվել շապիկների գույները, Լիանա Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն տարի անհրաժեշտ են որեւէ նորամուծություն եւ բազմազանություն: 

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարքն այսօր չի սահմանափակվի միայն հեծանվաերթով, մինչեւ 22:15-ն օրը հագեցած կլինի բազմազան համերգային ծրագրերով, թատերական էտյուդներով, խաղարկությամբ: 

Պատկերասրահ՝ Եվրոպայի օր - 2018