Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-06-2018
Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնին կմասնակցեն նաեւ այլ երկրների երաժիշտներ
Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 12-15-ը Երեւանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաեւ Բյուրականի արվեստի ակադեմիայում:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ աշխարհի մակարդակով Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, տնօրենը եւ պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը: 

Մեզ հետ զրույցում Շմավոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում հյուրընկալելու են յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողների: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում եւ ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի եւ այլ հեղինակավոր նվագախմբերում:

«Առաջին անգամ է, որ համերգ է տեղի ունենալու նաեւ Բյուրականում: Հնչելու են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Լինելու է նաեւ մեկ ստեղծագործության համաշխարհային պրեմիերա: Նախորդ տարվա փառատոնին եւս համաշխարհային պրեմիերա ունեցանք»,- նշեց Շմավոն Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ նախորդ տարվա հետ համեմատած՝ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, երաժիշտների ակտիվությունն էլ երկու անգամ ավելի է մեծացել: Փառատոնը կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը, եւ երաժշտական տոնին հնչելու են նաեւ Հարությունյանի գործերից: 

Նշենք, որ երաժշտական այս նախագծի նպատակն է Հայաստանում զարգացնել փողային գործիքների դպրոցը, երաժիշտներին միմյանց հետ շփվելու, գաղափարներ եւ փորձ փոխանակելու հնարավորություն ընձեռել: